13:06 | 02.02.15 | Նորություններ | exclusive 3936

Ask On’Fly հավելվածը կօգնի կողմնորոշվել անծանոթ միջավայրում

Ask On’Fly հավելվածը կօգնի անծանոթ միջավայրում գտնել անհրաժեշտ բոլոր մոտակա օբյեկտները՝ ժամանցի վայր, մատչելի եւ որակյալ հագուստի խանութ եւ այլն:

Android-ի համար նախատեսված այս հավելվածը պատրաստել են ծրագրավորող Մինաս Քեշիշյանը եւ բիզնես մարքեթինգի մասնագետ Դավիթ Խաչատրյանը՝ «ՄԻԿ աքսելերացիա» ծրագրի շրջանակում:

Մինաս Քեշիշյանը եւ Դավիթ Խաչատրյանը Itel.am-ին պատմել են, որ հավելվածի ստեղծման գաղափարը ծագել է անցած տարվա դեկտեմբերին, երբ իրենք որոշել են մասնակցել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամի կազմակերպած ծրագրին:

Ask On’Fly-ը մշակվել է երեք շաբաթում: Հեղինակները նշում են սակայն, որ այն պարբերաբար թարմացվելու է եւ համալրվելու նոր գործառույթներով:

Անդրադառնալով շուկայում առկա համանման հավելվածներին՝ Մինաս Քեշիշյանն ընդգծում է. «Foursquare-ով, օրինակ, կարող ես ինչ որ վայրեր գտնել, բայց այնտեղ ամեն ինչ չէ, որ նշվում է:  Հնարավոր է հագուստի խանութ գտնես, որտեղ բարձր գներ լինեն կամ անորակ արտադրանք: Եվ միգուցե դրանից 10 մետր այն կողմ մեկ այլ ավելի հարմար խանութ կա, որը Foursquare-ը չի նշում: Ask On’Fly-ը տեղացիների խորհրդով կօգնի գտնել այդ երկրորդ՝ ավելի հարմար խանութը»:

Հավելվածում հարցերը կարող են ուղղվել ցանկացած լեզվով, թեեւ ինտերֆեյսն այս պահին միայն անգլերեն է: Ask On’Fly-ը հնարավորություն է տալիս նաեւ նախընտրած հեռավորության շառավղով տեսնել այլ օգտատերերի հարցերը: Հարց ուղղելու համար Facebook-ի օգտահաշվի միջոցով պետք է մուտք գործել հավելված. հարցի տրման պահին քարտեզի վրա կնշվի ձեր ստույգ աշխարհագրական դիրքը:

Ask On’Fly-ի հեղինակները նախատեսում են հավելվածը միջազգային շուկա դուրս բերել: