12:03 | 05.03.15 | Նորություններ | 1085

Instagram-ը գործարկում է «կարուսելային գովազդ»

Facebook-ն իր Instagram ծառայության համար գովազդային նոր գաղափար է մշակել՝ «կարուսելային գովազդ» (Carousel ads):

Instagram-ի օգտատերերն այսուհետ կկարողանան ծանոթանալ բրենդի ոչ միայն մեկ, այլեւ մի շարք լուսանկարների հետ: Սոցցանցում կհայտնվեն նաեւ բրենդների ակտիվ լինքերը, որոնք մինչ այժմ չէին գործում:

«Մեր օգտատերերից ստացել ենք կարծիքներ, որ նրանք ցանկանում են ավելին իմանալ բրենդի կամ պրոդուկտի մասին այն բանից հետո, երբ հավանում են գովազդային որեւէ լուսանկար կամ տեսանյութ: Այսպիսով, այսօր ներկայացնում ենք նոր ձեւաչափ, որն անվանում ենք «կարուսելային գովազդ»: Սա նոր ձեւ է բրենդների համար՝ տարածելու ավելի շատ նկարներ իրենց տեղադրած գրառմամբ հետաքրքրված մարդկանց շրջանում»,- ասված է Instagram-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերությունում նշել են, որ «կարուսելային գովազդները» բրենդներին ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում՝ պատմելու իրենց մասին: Դրանք հնարավորություն են տալիս իրենց գովազդը տեսնող մարդկանց անցում կատարել՝ դիտելու տվյալ ընկերության լրացուցիչ նկարները, ինչպես նաեւ ակտիվ լինքով մուտք գործել գովազդատուի կայք: 

Ինչպես լուսանկարների եւ տեսանյութերի մյուս գովազդների դեպքում, մարդիկ, որոնց չի հետաքրքրում տվյալ գովազդը, Instagram-ի իրենց ժապավենում պարզապես կարող են անտեսել «կարուսելային գովազդները»:  

Instagram-ում նշել են, որ գովազդի նոր ձեւաչափն այս պահին սահմանափակ տարածում ունի: Առաջիկա շաբաթներին նոր գովազդներն արդեն տեսանելի կլինեն օգտատերերին: Այն բանից հետո, երբ ընկերությունը հասկանա, թե մարդկանց ինչն է ավելի հետաքրքրում եւ ինչն է ավելի լավ աշխատում, կկատարվեն նաեւ ձեւաչափի փոփոխություններ: