09:56 | 05.03.15 | Նորություններ | 1657

ABBYY-ն գործարկել է Lingvo Live «սոցիալական» բառարանը

ABBYY ընկերությունը հայտարարել է Lingvo Live նոր ծառայության գործարկման մասին, որը ներառում է անվճար օնլայն բառարաններ եւ միաժամանակ ունի սոցիալական գործառույթներ:

Ծառայությունը ներկայացվել է Բարսելոնայում այս օրերին ընթացող Mobile World Congress (MWC) ցուցահանդեսի շրջանակում:

Lingvo Live-ի հավելվածը հասանելի է iOS/Android հարթակներում: Գործարկվել է նաեւ ծառայության կայքը: Կայքում կարելի է ինչպես առանձին բառեր, այնպես էլ ամբողջական նախադասություններ թարգմանել: Կարելի է նաեւ առաջարկել թարգմանության սեփական տարբերակները, պատասխանել այլ օգտատերերի հարցերին, գնահատել եւ մեկնաբանել թարգմանությունները, կարդալ դրանք եւ նշումներ կատարել: Այդ նպատակով անհրաժեշտ է ABBYY-ի օնլայն օգտահաշիվ բացել կամ մուտք գործել Facebook-ի կամ ВКонтакте-ի օգտահաշվի միջոցով:

Lingvo Live-ի հավելվածում ներկայացված է 130 օնլայն բառարան՝ 14 լեզվով, ինչպես նաեւ «ժողովրդական» բառարան, որը կազմված է օգտատերերի թարգմանությունների հիման վրա:

Ծրագրերն անվճար են, սակայն աշխատում են միայն օնլայն: