16:31 | 20.02.15 | Նորություններ | 4123
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում այսօր հյուրընկալվել են «Դեպի Հայք» հիմնադրամի երիտասարդ կամավորները, որոնք Հայաստանի մարզերում աշխատելու են մոտ 6 ամիս:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կամավորներին ծանոթացրել է ընկերության գործունեության հիմնական գործառույթներին: Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է նաև ընկերության ձեռնարկած քայլերը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր փաստերի հավաքագրման, հասարակության իրազեկվածության բարձրացման և ցեղասպանության դատապարտման ուղղությամբ:
«Սեփական արմատները ճանաչելու ցանկությունը ձեր կյանքի լավագույն որոշումներից է: Գտնվելով ձեր նախահայրերի, նախապապերի հողում՝ դուք կբացահայտեք ձեր ինքնությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը երիտասարդներին:
«Կցանկանայի մեջբերել մեր մեծանուն հայրենակցի` Վիլյամ Սարոյանի խոսքերը` «Քո կյանքի ժամանակը» պիեսից. «Ամեն մարդ քո նմանակն է...»,- գրում է Վարպետը: Եվ ես կցանկանայի, որ Հայաստանում գտնվելու ընթացքում սա լինի ձեր նշանաբանը՝ «Ամեն հայի մեջ իմ եսն է»: Ըստ իս՝ այսպես է պետք հաղթահարել Հայաստանում ապրող հայերի և սփյուռքահայերի մտածելակերպում առկա բնական տարբերությունները և կարծրատիպային պատկերացումները: Ինքս էլ անցել եմ անորոշությամբ, մտահոգություններով, ոգևորությամբ, բացահայտումներով, երբեմն` նաև հուսահատությամբ լի այդ ճանապարհը և, ի վերջո, ընդունել եմ արյանս կանչը: Պարզապես պետք է հիշել, որ ոչ մի երկիր զերծ չէ խնդիրներից: Մենք կարող ենք հաջողել, եթե առաջնորդվենք լավատեսությամբ և մեր երկրի հանդեպ անձնական պատասխանատվության զգացումով»,- հավելել է Ռալֆ Յիրիկյանը:
«Դեպի Հայք» հիմնադրամը 2004-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կազմակերպել է 35 երկրից Հայաստան ժամանած հայ կամավորների աշխատանքը` Հայաստանի տարբեր մարզերում: