10:44 | 20.02.15 | Նորություններ | exclusive 4057

Giwa.am-ը «տեր կկանգնի» ձեր անպետք իրերին

Ինտերնետ մոդեմ, հեռախոսի պատյան, կակտուս կամ զոմբիի դիմակ. եթե տանն ունեք նման իրեր, որոնք ձեզ անհրաժեշտ չեն, ապա դեն մի նետեք: Դրանք կարող եք տեղադրել նորաստեղծ Giwa.am կայքում եւ նվիրել անծանոթ մարդկանց: 

Ծրագրավորողներ Գրիգոր Եղիազարյանը եւ Տիգրան Մարտիրոսյանն արդեն 4 ամիս է՝ ինչ գործարկել են Giwa.am-ը: Այս պահին կայքի օգտատերերի թիվը 1300 է, իսկ ներկայացված իրերինը՝ 140:

«Ինչպես փիլիսոփա Ռենե Դեկարտն էր ասում, ես մտածում եմ, ուրեմն ես կամ: Նույն տրամաբանությունը գործում է նաեւ իրերի պարագայում՝ եթե դրանք չեն օգտագործվում, ապա զրկվում են կյանքից: Giwa-ն ստեղծվել է դրանց նոր կյանք հաղորդելու համար: Յուրաքանչյուրիս ընտանիքում կան որոշ իրեր, որոնք պետքական չեն, բայց եւ դեն նետել չես ցանկանում: Որոշեցինք փորձարկում անել եւ ստեղծել կայք, որտեղ կարելի կլիներ հրապարակել այն իրերը, որոնք մարդկանց պետք չեն, իսկ նրանք, ովքեր այդ իրերը պիտանի կհամարեին, կկարողանային նվեր ստանալ դրանք»,- Itel.am-ի հետ զրույցում պատմել է Giwa.am-ի համահիմնադիր Տիգրան Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ ներկայում իրենք աշխատում են արգելված իրերի ցանկ մշակելու ուղղությամբ, քանի որ դրանք մինչեւ կայքում տեղադրվելը մոդերացիա չեն անցնում:

«Ի դեպ, օգտատերերն իրենք են հաճախ հանդես գալիս առաջարկներով, օրինակ առաջարկ է եղել տարածք վարձակալել, որտեղ բոլոր ապրանքները կհավաքվեն, իսկ դրանցով հետաքրքրվողները հենց այդտեղից կստանան դրանք: Դեռ մտածում ենք, թե որքանով է դա ճիշտ, քանի որ ամեն դեպքում ցանկանում ենք, որ մարդիկ իրերը տալիս կամ վերցնելիս հաղորդակցվեն միմյանց հետ»,- ասել է Տիգրան Մարտիրոսյանը՝ ընդգծելով Giwa-ի դրական դերը նոր կապերի հաստատման տեսանկյունից:

Այժմ զբաղվածության պատճառով Giwa-ի հիմնադիրները շաբաթական մի քանի ժամ են կարողանում տրամադրել նախագծի զարգացմանը:

Ինչ վերաբերում է կայքի անվանմանը, Տիգրան Մարտիրոսյանը բացատրել է, որ այն անգլերեն give away (տալ/նվիրել) արտահայտության կրճատված տարբերակն է՝ Giwa:

Ամենասկզբում ստեղծվել է խանութի տեսքով մոբայլ հավելվածը, որը նախատեսված է եղել իրերի տեղադրման եւ վաճառքի համար, սակայն հեղինակներն ավելի ուշ հասկացել են, որ Հայաստանում այդ շուկան հագեցած է, եւ ծագել է Giwa-ի ստեղծման գաղափարը: 

Անդրադառնալով ֆինանսավորման խնդիրներին՝ Տիգրան Մարտիրոսյանը նշել է, որ ստարտափներին աջակցող ծրագրերի կդիմեն ավելի ուշ, երբ պրոդուկտն ավելի զարգացած կլինի:

Ներկայում Giwa-ն հասանելի է նաեւ Android եւ iOS համակարգերով աշխատող մոբայլ սարքերի համար:

Նարինե Դանեղյան