17:08 | 27.01.15 | Նորություններ | 893

Էլեկտրոնային կառավարման ցուցանիշով Երեւանը լավագույն հնգյակում է

Էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով Երեւանը լավագույն քաղաքների հնգյակում է:

Այս մասին են վկայում ԱՄՆ-ի Ռութգերս համալսարանի իրականացրած «Քաղաքների էլեկտրոնային կառավարում» 2013-2014 թթ. ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրության հեղինակները գնահատել են 100 քաղաքների քաղաքապետարանների պաշտոնական կայքերը՝ 5 հիմնական չափորոշիչով՝ անվտանգություն, մատչելիություն կամ օգտագործման հարմարավետություն, բովանդակություն, առաջարկվող առցանց ծառայություններ եւ քաղաքացիների ներգրավվածություն որոշումների կայացման գործընթացներին: 

Էլեկտրոնային կառավարման մատչելիության կամ օգտագործման հարմարավետության չափորոշիչով Երեւանի պաշտոնական կայքը աշխարհի 100 խոշոր քաղաքների շարքում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:

Ըստ էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշի՝ աշխարհի առաջատար քաղաքը Սեուլն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Հոնկոնգը, Սինգապուրը եւ Երեւանը:

«Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ- տնօրեն Սարգիս Մանուկյանը, այսօր ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, նշել է, որ քաղաքացիների ներգրավվածության անվանակարգում Երեւանը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ զիջելով Սեուլին եւ Սինգապուրին:

Բովանդակության անվանակարգում Երեւանը 4-րդն է Սեուլից, Տորոնտոյից եւ Ստոկհոլմից հետո: Այս տեսանկյունից հաշվի են առնվել հասանելիությունը դեպի կոնտակտային տեղեկություններ, հրապարակային փաստաթղթերը, հասանելիությունը հաշմանդամություն ունեցողների համար, մուլտիմեդիայի նյութերը եւ հրատապ տեղեկատվությունը: