13:27 | 26.01.15 | Նորություններ | exclusive 2468
Ռուսաստանում բնակվող հայ ձեռնարկատերեր Թոս Մովսիսյանը եւ Արտյոմ Գարմերյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ստեղծել էին Boft կոչվող սարքը, որը թույլ է տալիս լուսանկարներ տպել անմիջապես օգտատիրոջ Instagram-ի էջից:
Առաջին Boft սարքը գործարկվել էր դեռեւս 2014թ. ապրիլին, իսկ նույն տարվա նոյեմբերին գյուտարարները պաշտոնական արտոնագիր էին ստացել իրենց գյուտի համար:
Itel.am-ի հետ զրույցում Թոս Մովսիսյանը տեղեկացրել է, որ ներկայում ֆրանչայզինգի հայտեր են ստանում մի շարք երկրներից, այդ թվում՝ Հայաստանից:
«Մեր կայքում գոյություն ունի հայտադիմումի գրանցման ձեւ: Այն լրացնելուց հետո կապվում ենք հետաքրքրվողների հետ եւ սկսում տվյալ քաղաքում սարքի տեղադրման գործընթացը: Նախատեսում ենք գործունեություն ծավալել մեծ թվով երկրներում, որտեղ Instagram-ի օգտատերերի թիվը մեծ է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Instagram-ը գնալով ավելի հայտնի է դառնում, ավելանում են նաեւ մարդիկ, ովքեր ցանկություն ունեն թղթի վրա տպել իրենց լուսանկարները: Կա պահանջարկ, հետեւաբար կլինի նաեւ առաջարկ»,- ասել է նա:
Թոս Մովսիսյանի խոսքով՝ այս պահին Boft սարքերն աշխատում են Ռուսաստանի երեք քաղաքում, իսկ մոտ ապագայում դրանք ներկայացված կլինեն եւս 12 քաղաքում:
«Մոսկվայում, օրինակ, սարքը տեղադրված է Եվրոպայի ամենախոշոր «Մաքդոնալդս» արագ սննդի սպասարկման կետում, որը գտնվում է Պուշկինսկայա հրապարակում: Արդեն այս տարի նախատեսում ենք մուտք գործել եվրոպական եւ ամերիկյան շուկա»,- ասել է նա:
Խոսելով սարքի ստեղծման գաղափարի մասին՝ հայազգի գյուտարարը պատմել է, որ իր գործընկեր Արտյոմ Գարմերյանի հետ տեւական ժամանակ քննարկելով բազմաթիվ բիզնես գաղափարներ՝ եկել են եզրահանգման, որ նման մասսայականություն վայելող սոցցանցից նկարներ տպելու հնարավորությունը որեւէ մեկի չի կարող անտարբեր թողնել:
Անդրադառնալով Itel.am-ի հարցին, թե արդյոք նկարները տպելու հարցում կան սահմանափակումներ, Թոս Մովսիսյանը նշել է, որ եթե օգտատիրոջ էջը բաց է, ապա հնարավոր է տպել ցանկացած լուսանկար: