11:18 | 22.12.14 | Նորություններ | 2233

«Այբ»-ի սաների պատրաստած Autoschool hավելվածը կօգնի ավտոմեքենա վարել սովորել

Android համակարգի համար նախատեսված Autoschool մոբայլ հավելվածի օգնությամբ կարող եք սովորել ճանապարհային նշաններն ու գծանշման ձեւերը, ինչպես նաեւ թեստեր հանձնել ՝ վարորդական իրավունքի քննություններին պատրաստվելու համար:

Հավելվածի հեղինակները «Այբ» դպրոցի սաներն են:

Ծրագրի գաղափարի հեղինակը եւ առաջին տարբերակի ծրագրավորողը դպրոցի նախկին աշակերտ Ալեքսեյ Գասպարյանն է: Նոր տարբերակի մշակմամբ զբաղվել են նույն դպրոցի աշակերտներ Սամվել Աբրահամյանը եւ Մարտին Միրաքյանը:

Թեստավորմանը մասնակցել է 21 աշակերտ:

«Այբ-ում առկա լրացուցիչ դասընթացների շրջանակում աշակերտները կարող են Android-ի ծրագրավորում սովորել: Խումբը ստեղծվեց 2013 թ.-ի սեպտեմբերին: Հավելվածի պատրաստման հիմնական աշխատանքներն աշակերտներն ինքնուրույն են իրականացրել: Մոտ 8-9 ամիս անց ծրագիրը վերջնական տեսքի բերվեց»,- Itel.am-ի հետ զրույցում պատմել է «Այբ» դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Արամ Բաղդասարյանը:

Նա նշել է, որ հավելվածը կարելի է օգտագործել ինտերնետի բացակայության պայմաններում:

«Սա նախնական բազա է, որի հիման վրա կարելի է սովորել երթեւեկության կանոնները, եւ պատրաստվել իրական քննությանը»,- ասել է Արամ Բաղդասարյանը, հավելելով, որ հավելվածը վերջերս է թարմացվել:

Autoschool մոբայլ հավելվածն այս պահին ունի շուրջ 43 հազ. ներբեռնում: Ներբեռնումների քանակն օրական ավելանում է մոտ 100-ով: Այն հայկական հավելվածների շարքում այս պահի առաջատարներից է:

Ծրագիրը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով: