13:37 | 19.12.14 | Նորություններ | 3102

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նեոնատալ խնամքի բուժսարքավորումներ է հանձնել Մասիսի ծննդատանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ BirthLink ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորն այսօր շրջայցով եղել են Մասիսի կենտրոնական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում, որին տրամադրել են վաղահաս ծնված եւ առողջական խնդիրներով երեխաների խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ:

Հիվանդանոցը համալրվել է վերակենդանացման սարքով, տաքացուցիչով, ռեսպիրատոր թերապիայի համակարգով, երակային ներարկման պոմպով: Ձեռք բերված բուժսարքավորումների միջոցով հնարավոր կլինի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող եւ ոչ բավարար քաշով ծնված երեխաներին:

«Մենք ցանկանում ենք պայքարել Հայաստանում ծնված յուրաքանչյուր երեխայի կյանքի համար, ցանկանում ենք, որ մեր մանուկները ոչ միայն երջանկություն պարգեւեն իրենց ծնողներին, այլ նաեւ առողջ եւ արժանի անհատներ դառնան մեր հասարակության, մեր երկրի համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ BirthLink ՀԿ-ն իրենց մասնակցությունն են ունենում այդ պայքարին` կանգնելով հայ բժիշկների կողքին, տրամադրելով անհրաժեշտ բուժսարքավորումներ, ինչու ոչ` նաեւ հոգեբանական աջակցություն` իրենց ոչ դյուրին, բայց անգնահատելի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:   

BirthLink ՀԿ-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը մեկնարկել է 2008թ. եւ ընդգրկում է Երեւանի տասներկու եւ Հայաստանի յոթ մարզերի քսաներեք նորածնային բաժանմունք: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է մոտ 535 միլիոն դրամ: