12:25 | 15.12.14 | Նորություններ | 3312

    Ստարտափների տարածաշրջանային ծրագիրը սկսել է հայտեր ընդունել

    Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ) աշխարհի երեք այլ ՄԻԿ-երի հետ համատեղ տարածաշրջանային բացառիկ ծրագիր կիրականացնի նորաստեղծ տեխնոլոգիական ստարտափների համար:

    Ծրագրի մասնակից չորս ներկայացչություններն ընտրվել են աշխարհի ավելի քան 140 ՄԻԿ-երից:

    ՄԻԿ ակսելերացիայի ծրագիրը մշակվել է Microsoft-ի եւ Venture Hive-ի կողմից: Այն Հայաստանում եւ տարածաշրջանում միակ նախաձեռնությունն է, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր նորարար գաղափար վերածել կենսունակ եւ մրցունակ պրոդուկտի: 
    12-շաբաթյա ինտենսիվ ծրագրի շրջանակում ընտրված թիմերի համար կանցկացվեն բիզնես եւ տեխնոլոգիական դասընթացներ:

    Մասնակից ստարտափները հնարավորություն կունենան օգտվել ՄԻԿ Հայաստանի գրասենյակի աշխատանքային տարածքներից եւ սարքավորումներից, ինչպես նաեւ կներկայանան տեղական եւ միջազգային ներդրողներին՝ նախնական անհրաժեշտ ֆինանսավորում ստանալու նպատակով: Ծրագիրը կեզրափակվի «ՄԻԿ դեմո շաբաթով», որը տեղի կունենա 2015թ. ապրիլին՝ մասնակիցներին հնարավորություն տալով իրենց վերջնական պրոդուկտները ներկայացնել միջազգային լսարանին, ինչպես նաեւ լսել հայտնի ձեռներեցների ու մասնագետների տեսակետները: 

    «Ծրագրին կարող են հավակնել նպատակասլաց այն բոլոր տեխնոլոգիական թիմերն ու ստարտափները, որոնք իրենց գաղափարը կյանքի կոչելու համար ցանկանում են ուղղորդում ստանալ: Կարեւոր է, որպեսզի առաջարկվող գաղափարը միանգամայն նորարար եւ գերակա վեբ կամ մոբայլ լուծում լինի, որն ուղղված կլինի տարբեր կարիքների ու խնդիրների լուծմանը: Թիմերը պետք է շաբաթական 40 եւ ավելի ժամ տրամադրեն ծրագրին՝ իրենց գաղափարի հիման վրա ստեղծելով նախատիպ կամ առնվազն կենսունակ պրոդուկտ»,- Itel.am-ի հետ զրույցում ասել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը:

    Ծրագրին մասնակցելու դիմում-հայտը ստարտափները կարող են լրացնել մինչեւ դեկտեմբերի 29-ը:

    Ի դեպ՝ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ին, ՄԻԿ Հայաստանի գրասենյակում կանցկացվի ներածական հանդիպում, որի ընթացքում կներկայացվի ծրագրին դիմելու ընթացակարգը: