«Այբ» դպրոցում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «The Hour of Code» միջոցառումը
10:38 | 08.12.14 | Նորություններ | 1396
Դեկտեմբերի 14-ին «Այբ» դպրոցում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «The Hour of Code» միջոցառումը:
Համակարգչային գիտությունների շաբաթվա շրջանակում անցկացվող միջոցառման նախաձեռնողներն ու համակազմակերպիչներն են «Այբ» դպրոցը, «Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոն Հայաստան» հիմնադրամը, Մայքրոսոֆթ Ար Էյ-ը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:
«Չնայած այն հանգամանքին, որ աշակերտներն օրեցօր ավելի շատ են օգտվում տեխնոլոգիաներից, նրանցից քչերն են սովորում ստեղծել դրանք: 21-րդ դարի ցանկացած աշակերտ պետք է ունենա համակարգչային գիտելիքներ ստանալու հնարավորություն, բայց դեռեւս քիչ են այն դպրոցները, որոնք ընձեռում են այդ հնարավորությունը: «Hour of Code»-ը շուրջ 150 հոգու հնարավորություն կտա խաղերի միջոցով հեշտությամբ սովորել տարատեսակ ծրագրավորման լեզուներ եւ մոտեցումներ: Աշակերտներին նաեւ կցված կլինեն ոլորտում մեծ հաջողությունների հասած մասնագետներ»,- Itel.am-ի հետ զրույցում նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը:
Նա տեղեկացրել է, որ այս տարի «The Hour of Code»-ին ողջ աշխարհում միացել է ավելի քան 45 հազար դպրոց, իսկ մասնակիցների թվաքանակը կգերազանցի 100 միլիոնը:
Միջոցառումը տեւելու է 2-3 ժամ: Անգլերենի իմացությունը պարտադիր է: Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան համակարգիչ կամ պլանշետ: Տարրական դպրոցի մասնակիցները պետք է ներկայանան ծնողի ուղեկցությամբ:
Միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։ Գրանցման վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է։