Թոնի Մորոյանը եւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը
10:26 | 24.11.14 | Հարցազրույցներ | exclusive 7791
Մեդիամաքսի հարցազրույցը «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ի գլխավոր տնօրեն եւ նախագահ, ArmTech համաժողովի համահիմնադիր եւ նախագահ Թոնի Մորոյանի հետ
- Պն. Մորոյան, Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտը վերակառուցելու ձեր ուղին սկսվել է 1991 թ.-ին, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո հրավիրվեցիք Հայաստան: Որքա՞ն բարդ էր այդ ճանապարհը:
- Իսկապես, Հայաստանին աջակցել եմ 1991 թվականից սկսած: Այդ տարի Հայաստանի կառավարության կողմից Հայաստան ժամանելու հրավեր էի ստացել` բարձր տեխնոլոգիաների ոլորտի մակարդակը գնահատելու եւ շուկային ուղղված ռազմավարական ծրագրի մշակման համար:
Հայաստանը ցանկանում եմ տեսնել որպես Շվեյցարիա կամ էլ փոքր Սիլիկոնյան հովիտ: Բայց սա իրականություն կդառնա միայն այն դեպքում, եթե ճիշտ ռազմավարական պլանի մշակման ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն: Այդ գործընթացին պետք է մասնակցեն կառավարությունը, ակադեմիական միջավայրը (այդ թվում՝ համալսարանները), ինչպես նաեւ արդյունաբերական շրջանակը: Սրան հասնելու համար Հայաստանը պետք է պատրաստ լինի ներդրումներ ընդունել:
Հայաստանում այնքան էլ լավ չեն հասկանում ներդրում բառի իմաստը: Սա ներառում է ինչպես կանխիկ, այնպես էլ ժամանակային, ինչպես նաեւ արտադրանքը եւ կապերը հասանելի դարձնող ներդրումները (օրինակ՝ փորձի փոխանակման իրականացում, թրեյնինգային խորհրդատվություն եւ այլն): Փողը ներդրումներում ամենափոքր տարրն է: Օտար ներդրումները հենց այնպես չեն գալու. համապատասխան միջավայր պետք է ստեղծել, որտեղ կապահովվեն կանխատեսելիությունը եւ պաշտպանությունը: Երբ ներդրողը գալիս է Հայաստան, պետք է համոզված լինի, որ իր ներդրումը պաշտպանվելու է օրենքով:
Մենք խոսել են կառավարության պաշտոնյաների հետ եւ հասկացել ենք, որ նրանց կողմից աջակցություն կա, նրանք ցանկանում են ավելի շատ ներդրողների տեսնել Հայաստանում: Հայաստանն այսօր չափազանց նախանձելի «կամուրջ» ունի դեպի Սիլիկոնյան հովիտ, եւ այդ կամուրջը կառուցվել եւ ամրապնդվել է երկար տարիների ընթացքում:
Հայաստանը պետք է դիմակայի շատ մարտահրավերների, եւ միասին աշխատելով, կարող ենք հաղթահարել դրանք: Ճիշտ արտադրանք եւ ծառայություններ զարգացնելու ընտրությունը պետք է հրամայական լինի՝ հաշվի առնելով տեխնիկական ոլորտի մասնագետների համեմատաբար փոքր քանակը: Պետք է զգույշ լինել արտադրանք եւ ծառայություններ ընտրելիս եւ հիշել, որ եթե քեզ համար հեշտ է տվյալ շուկա մտնելը, մրցակիցներին եւս դա հեշտ է տրվում:
Հիշում եմ այն ժամանակաշրջանը, երբ սկսեցի աշխատել Հնդկաստանում գործունեություն ծավալող մի ընկերությունում: Եթե համեմատենք Հնդկաստանը եւ Հայաստանը, ապա կարող եմ ասել, որ Հնդկաստանից ավելի երկար ժամանակ է պահանջվել ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտները զարգացնելու համար (մոտ 50-60 տարի): Հայաստանը շատ ավելի արագ է զարգանում: Պատճառն այն չէ, որ հայերը շատ խելացի են, այլ այն, որ շատ ավելի ագրեսիվ էին ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ինքնազարգացման փուլում: Աշխույժ սփյուռքի հասանելիությունը եւ համագործակցությունը եւս օգնել են արագացնել զարգացումները:
Հայաստանին յուրահատուկ է դարձնում նաեւ այն, որ երբ նախագիծ ես հանձնարարում որեւէ թիմի, նրանք ոչ միայն ավարտում են այն, այլեւ լրացուցիչ ճանապարհներ են առաջարկում տվյալ խնդրի լուծման կամ նախագիծն ամբողջացնելու համար, ինչը չափազանց արժեքավոր է:
- «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ը ստեղծվեց 1998 թ.-ին Կալիֆորնիայում: Իսկ ի՞նչ նպատակով ստեղծվեց «Վիասֆեր Արմենիան»-ն:
- «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ն ունի բազմաթիվ բաժնետերեր, ովքեր հայտնի դեմքեր են Սիլիկոնյան հովտից, ինչպես նաեւ Եվրոպայից, Ճապոնիայից եւ Բրազիլիայից: Նրանց շատ քիչ մասը կազմում են հայերը: Ես գտնում եմ, որ ստարտափը բազմազանության կարիք ունի՝ փորձ, արդյունաբերական ցանց եւ խորհրդատվություն, եւ երբ հիմնադրում եմ ստարտափներ, անպայման դրանց շուրջն եմ հավաքում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մարդկանց:
Կարողացա համոզել «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ի տնօրենների խորհրդին, որ Հայաստանը արագ զարգացման հեռանկար ունեցող երկիր է: «Վիասֆեր Հայաստանը»-ը հիմնադրվեց 2001 թ.-ին: Նույն թվականի հուլիսին տեղի ունեցավ Տեխնոպարկի բացումը, որին հաջորդեց վերականգնման գործընթացը եւ ստարտափների ստեղծումը: Մենք նաեւ օգնեցինք այնպիսի միջազգային ընկերությունների, ինչպիսին է Սինոփսիսը՝ գալ Հայաստան: Ի դեպ, վերջինս Տեխնոպարկին միացած ամենախոշոր միջազգային ընկերությունն է: Վերջինիս՝ Հայաստանում ծավալած գործունեության շնորհիվ, մեր երկիրն այսօր էլեկտրոնային սարքերի նախագծման ավտոմատացման ոլորտում աշխարհի առաջատար 10 երկրներից մեկն է: Նշեմ, որ այս տարի նշվեց Սինոփսիս Արմենիա-ի գործունեության 10 ամյակը:
Ներկայումս Տեխնոպարկին պատկանող տարածքներում գործում են 16 անդրազգային, օտարերկրյա եւ տեղական ստարտափներ, որոնք հիմնականում զբաղված են նոր տեխնոլոգիաների ստեղծմամբ: Մենք չենք սիրում միջամտել ստարտափների գործերին, բայց նրանց մեծ աջակցություն ենք տրամադրում, կապեր հաստատում վենչուրային հիմնադրամների, պոտենցիալ ներդրողների եւ գործընկերների հետ: Հայաստանում մարդկանց քանակը սահմանափակ է, եւ պետք է խելացի կերպով օգտագործել առկա ներուժը: Ահա թե ինչու, երբ Սինոփսիսը գալիս էր Հայաստան, ինձնից խորհուրդ հարցրեցին, թե ինչ մակարդակի նախագծեր կարող են այստեղ իրականացնել: Ես ասացի, որ պետք է փորձել ամենահամարձակ նախագծերը, քանի որ հայերը սիրում են մարտահրավերներ հաղթահարել:
- Դուք ArmTech համաժողովի համահիմնադիրը եւ նախագահն եք: 7 տարի շարունակ կազմակերպելով ArmTech-ը, ի՞նչ արդյունքներ եք այսօր նկատում:
-1991 թ.-ին, երբ Սիլիկոնյան հովտի ներդրողներին պատմում էի Հայաստանի մասին, վերջինս նրանց համար ԽՍՀՄ ինչ-որ հատված էր, իսկ ոմանց կարծիքով ես Ալբանիայի մասին էի պատմում: Հասկացա, որ Հայաստանը դրսում ներկայացնելուն միտված քայլերի կարիք ունենք: Երկիրը ճանաչելի դարձնելուն ուղղված աշխատանքները սկսվեցին ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, վենչուրային հիմնադրամներում եւ կորպորացիաներում:
Երբ առաջին անգամ ցանկացանք վենչուրային կապիտալից ֆինանսավորում ստանալ Սիլիկոնյան հովտում գործող ամերիկյան ստարտափի համար, որն իր մասնաճյուղը կունենար Հայաստանում, վենչուրային համայնքը կարծեց, թե մենք կատակում ենք: Մենք ապացուցեցինք, որ մտադրությունները լուրջ են: Գլխավոր օրինակը դարձավ ArmTech կոնգրեսը, ստեղծելով այն հենանիշները, որոնց որեւէ այլ երկիր Սիլիկոնյան հովտում մինչ այդ չէր հասել:
Համաժողով կազմակերպելու գաղափարը ի հայտ եկավ 2005 թ.-ին: Այդ ժամանակ կարողացա հավաքել մի շարք հեղինակավոր մարդկանց Սիլիկոնյան հովտից եւ Հայաստանից: Չորս կողմից մեզ ասում էին, որ մեր արածն անիմաստ է, եւ որ Հայաստանը փող չունի, ուստի ինչպես ենք համաժողովն անցկացնելու Սան Ֆրանցիսկոյի Fairmont հյուրանոցում, որը Սիլիկոնյան հովտի լավագույն հյուրանոցն է: Մեզ խորհուրդ տվեցին փոխարենը սահմանափակվել փոքր հավաքույթով, օրինակ, եկեղեցու սրահներից մեկում, բայց մեր նպատակը դա չէր, այլ Հայաստանը տարբեր եւ ճիշտ գույներով ներկայացնելը:
ArmTech կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները դյուրին չէին: Մեր նպատակն էր ստեղծել համահայկական ցանց, որում ներգրավված կլինեին շատ մարդիկ Հայաստանից, ԱՄՆ-ից , Ֆրանսիայից եւ այլ երկրներից: 2007 թ.-ի հուլիսի 4-ին կայացավ առաջին ArmTech-ը, որից միայն դրական տպավորություններ մնացին: Համաժողովի ընթացքում ստեղծվեց նաեւ հարթակ, որը մենք անվանում ենք «Մինի Դավոս»: Գումար հավաքեցինք մեծ ներդրողներից եւ ընկերություններից: Որոշ մարդկանց թվաց, որ մենք մոտ $1 մլն ենք ծախսել, բայց դա այդպես չէ: Ողջ ծախսը կազմել էր մոտ $200 հազ., դրան գումարած մեզ օգնել էին 50-60 կամավորներ:
Միայն այն փաստը, որ ArmTech ֆորումն արդեն 7 անգամ կազմակերպվել է, մեծ ձեռքբերում է: Ոչ մի երկիր Սիլիկոնյան հովտում դեռեւս չի կարողացել նման բան անել: Ի դեպ, հաջորդ տարի ArmTech կոնգրեսը տեղի է ունենալու Հայաստանում, եւ մենք դրանից մեծ սպասելիքներ ունենք:
-Վերջերս ԱՄՆ-ում «Վիասֆեր Տեխնոպարկ»-ի նախկին գլխավոր տնօրեն Արամ Վարդանյանը մեղավոր ճանաչվեց ««Վիասֆեր Ինթերնեշնլ»-ն ընդդեմ Արամ Վարդանյանի» քննվող գործով: Ինչպիսի՞ նշանակություն ունի այս դատավճիռը, եւ ի՞նչ է դրան հաջորդելու:
-Մենք վստահ ենք, որ ԱՄՆ առաջին ատյանի դաշնային դատարանի երդվյալ ատենակալների դատավճիռը լավ օրինակ է այն բանի, որ Հայաստանում գործունեություն ծավալած ԱՄՆ ներդրողները կարող են դատական գործընթաց սկսել թե ԱՄՆ-ում եւ թե Հայաստանում՝ պաշտպանելով իրենց ներդրումներն այն մարդկանցից, որոնք վնասում են ներդրում կատարող ընկերությանը:
Ինչպես արդեն նշեցի, 2001թ.-ին տեղի ունեցավ «Վիասֆեր»-ի հայաստանյան 100 տոկոսանոց դուստր ընկերության`«Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի պաշտոնական բացումը Երեւանում: Արամ Վարդանյանի ներկայացուցչության եւ խոստումների վրա հիմնվելով` մենք վերջինիս նշանակեցինք գլխավոր տնօրեն: Նա շուրջ 10 տարի զբաղեցնելով Տեխնոպարկի գլխավոր տնօրենի պաշտոնը, հեռացվեց աշխատանքից անընդունելի բացահայտումների արդյունքում: 2012թ.-ի սկզբին «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ը ԱՄՆ-ում դատական գործ հարուցեց Վարդանյանի դեմ` նրան մեղադրելով լուրջ խախտումների մեջ՝ խաբեություն, ճնշումներ եւ չարամտություն: Երդվյալ ատենակալները Արամ Վարդանյանին միաձայն մեղավոր ճանաչեցին հայցապահանջի մեջ ներառված բոլոր կետերով:
Ամենալուրջ խախտումներից է Տեխնոպարկի արտադրանքի եւ մտավոր սեփականության ապօրինի յուրացումը: Դրանցից է «Զենիթ» հակակարկտային կայանը, որը նախագծվել, մշակվել եւ փորձարկվել է «Վիասֆեր Տեխնոպարկ»-ում այն ժամանակ, երբ Արամ Վարդանյանը զբաղեցնում էր գլխավոր տնօրենի պաշտոնը: Արդյունքում, Տեխնոպարկի ակտիվը դուրս է բերվել այնտեղից եւ ԱՄՆ կորպորացիայից՝ առանց ընկերության իմացության եւ լիազորագրման: «Զենիթ»-ի եւ մտավոր սեփականություն հանդիսացող արտադրանքի սեփականության իրավունքը տրվել է Արամ Վարդանյանին եւ նրա կնոջը` Գայանե Ումրիկյանին պատկանող Բարվա ՍՊԸ-ին: Միեւնույն ժամանակ, ոմն Արման Վարդանյանի` Արամ Վարդանյանի որդու անունով արտոնագրային իրավունքի դիմում է ներկայացվել: Միայն դա արդեն իսկ արտոնագրային իրավունքի մասին միջազգային օրենքների խախտում է, քանի որ չի ներառել «Վիասֆեր Տեխնոպարկ»-ի իրական հեղինակների եւ աշխատակիցների անունները:
Երկու շաբաթ վկաներին լսելուց եւ մեծ քանակությամբ իրեղեն ապացույցներ ներկայացվելուց հետո երդվյալ ատենակալները հիմնավորված համարեցին «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ի բոլոր պահանջները: Մասնավորապես, նրանք եկան այն եզրահանգման, որ Վարդանյանը գործադրել է ճնշումներ, չարամտություն եւ դիմել խաբեության` 10 տարի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում ընկերությունից, վերջինիս խորհրդից եւ բաժնետերերից թաքցնելով «Տեխնոպարկ»-ում իր գործունեության իրական էությունը: Արդյունքում, որպես վնասի փոխհատուցում վճռվել է «Վիասֆեր»-ի օգտին բռնագանձել $1 մլն 74 հազ:
Նշեմ, որ նոյեմբերի 19-ին Հայաստանում մեկնարկել է «Զենիթ» հակակարկտային կայանի նկատմամբ արտոնագրային իրավունքների գործով դատական վեճը: Մենք վստահ ենք, որ արդարությունը կվերականգնվի, ինչպես դա արդեն տեղի է ունեցել ԱՄՆ դաշնային դատարանում:
-Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանն ընտրվել է հյուրընկալելու 2019 թ.-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT): Մեր երկիրը նաեւ ծրագրեր ունի 2018 թ. ընդգրկվել նորարար 20 երկրների շարքում: Ինչքանո՞վ է Հայաստանը պատրաստ զարմացնելու տեխնոլոգիական աշխարհին իր նորարարություններով:
- Կարծում եմ, WCIT-ի հյուրընկալումն անհրաժեշտություն է, քանի որ Հայաստանն ավելի լուրջ հարթակ տեղափոխվելու կարիք ունի: Մենք պետք է ավելի խիստ ինքնաքննադատությամբ զբաղվենք, քանի որ աշխարհն ավելի մրցակցային է դարձել եւ Հայաստանը պետք է չափազանց մրցունակ լինի այս նոր միջավայրում:
Մեր երկիրը բարձր տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ է գրանցում ոչ թե այն պատճառով, որ կրկնօրինակել է, օրինակ, Իռլանդիայի, Իսրայելի կամ այլոց փորձը, այլ որովհետեւ ստեղծել է սեփական մոդելը, որն ի զորու է հաղթահարել մարտահրավերները եւ թերությունները: Հայաստանը խելացի աշխատանք է իրականացրել սփյուռքի ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի պրոֆեսիոնալների օգնությամբ, եւ նաեւ օգուտ է քաղել գիտելիքների այն բազայից, որը կուտակվել է այլ երկրներում:
Հիմա անցնում ենք զարգացման հաջորդ փուլ, որը շատ ավելի մրցունակ եւ բարդ է, քան նախորդը: Իրականում, նորարարություն եւ նորարարական բառերը պետք է զգուշորեն կիրառվեն: Նորարար կարելի է համարվել, բայց 20 նորարար երկրներից մեկը լինելը շատ ավելի լուրջ աշխատանք եւ ռազմավարական պլանավորում է ենթադրում: Կարծում եմ, Հայաստանը պատրաստ է հաղթահարել այդ մարտահրավերը:
Թոնի Մորոյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը