14:50 | 30.10.14 | Նորություններ | 1568

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ProductHunt միջազգային նախագիծը

Հոկտեմբերի 25-26-ը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում առաջին անգամ անցկացվել է ProductHunt միջազգային նախագիծը`հնարավորություն տալով ստարտափ ձեռներեցներին մրցել՝ իրենց ստեղծած մոբայլ, վեբ հավելվածներն ու նորարար լուծումները ProductHunt-ի հարթակում տեղադրելու համար:

ProductHunt-ը  ՏՏ արտադրանքի միջազգային հարթակ է, որտեղ ամեն օր ավելացվում են նորանոր գաղափարներ՝ տարբեր երկրներում միաժամանակ անցկացվող ProductHunt միջոցառման շրջանակում։ Այս տարի ProductHunt-ն անց է կացվել աշխարհի 30-ից ավելի քաղաքներում:

Ինչպես Itel.am-ի հետ զրույցում նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը, Երեւանում առաջին անգամ անցկացված նախագիծն ունեցել է 30 մասնակիցներ:

«Նրանք մրցել են աշխարհահռչակ Ycombinator, Techstars, Citrix եւ այլ աքսելերատորների ստարտափների կողմից ներկայացվող պրոդուկտների հետ։ Երևանում անցկացվող միջոցառման ընթացքում ProductHunt հարթակ են ներկայացվել Forkize.com, Ebola Feedly, ScyCryptor, Goto.am, HomePlanning, Recognise Genocide, Udropin.com ստարտափ ծրագրերը»,- տեղեկացրել է Արտաշես Վարդանյանը:

Ներկայացնում ենք ProductHunt հարթակ ներկայացված ստարտափերի հակիրճ նկարագրությունը:

Forkize.com-ը ծառայություն է մոբայլ հավելված ստեղծողներին համար: Այն ինտեգրելով ձեր ստեղծած հավելվածին կամ մոբայլ խաղին, կարող եք հասկանալ, թե ովքե՞ր են տվյալ հավելվածի օգտատերերը, ի՞նչ են անում տվյալ հավելվածում, վճարու՞մ են, թե՞ ոչ, ի՞նչ ծառայություններ են ավելի շատ օգտագործում: Ըստ այդ տեղեկատվության, կարող եք ձեր օգտատերերին բաժանել ըստ խմբերի եւ արդյունքում խմբերից յուրաքանչյուրին մատուցել յուրահատուկ ծառայություններ։

Ebola Feedly բջջային հավելվածը նախագծված է բջջային հեռախոսների օգտատերերին Էբոլա համաճարակի մասին տեղեկացված պահելու համար։ Այն հաշվարկում է ձեր վարակման ռիսկը՝ հիմնվելով ձեր ներկա աշխարհագրական դիրքի վրա։

SkyCryptor - Նպատակն է ամպային պահոցներում, ինչպիսիք են Dropbox, Box, Google Drive, SkyDrive, օգտատերերի տվյալների պաշտպանության նոր համակարգի ստեղծումը: Համակարգը երաշխավորում է բացարձակ գաղտնիություն և չի տեղեկանում օգտագործողի գաղտնաբառի մասին։

Goto.am-ը մոբայլ հավելված է զբոսաշրջիկների համար՝ վերջիններիս տրամադրելով ինտերակտիվ ծառայություններ: Հավելվածը ցանկացած երկիր կամ քաղաք այցելելու դեպքում գեներացնում է ճանապարհորդելու ամենահարմար ուղին։

HomePlanning-ն իր տեսակի մեջ առաջին հավելվածն է, եւ միտված է մասնագիտական աջակցություն տրամադրել հետաքրքրված անձանց եւ կազմակերպություններին, որոնք ցանկանում են նախագծել իրենց բնակարանը կամ գրասենյակը՝ հնարավորություն տալով ձեւավորման համար ընտրել  պահանջվող նյութերը եւ պարագաները:

Recognise Genocide - մոբայլ հավելված է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ 1915թ. Հայոց ցեղասպանության պատմությանը: Հավելվածը հնարավորություն է տալիս նկարել փոքր տեսահոլովակ «Ես ճանաչում եմ 1915թ. Հայոց ցեղասպանությունը» թեմայով, եւ տարածելով այն սոց ցանցերում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նոր մարդկանց ներգրավել:

Udropin.com - օնլայն հարթակ է ժամանցային վայրերի ակտիվությանը հետեւելու, նոր ակցիաներին եւ միջոցառումներին ծանոթանալու համար: Համակարգի շնորհիվ կարելի է հեշտությամբ ժամանցային հետաքրքիր վայրեր գտնել, այդ վայրերի մասին կարծիք թողնել, ինչպես նաեւ կապ հաստատել տվյալ ժամանցային վայրի հետ: