15:11 | 28.10.14 | Նորություններ | 3058

«Բաց Խաղ 2014 »-ի հաղթող «Choppy Fish» խաղը կներկայացվի Indie Prize մրցույթ-ցուցադրությանը

Հոկտեմբերի 26-ին ավարտվել է «Բաց Խաղ» համակարգչային խաղերի եւ բջջային հավելվածների նախագծման չորրորդ առաջնությունը, որի «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հենրիկ Հակոբյանի «Choppy Fish» խաղը:

Այն շուտով հասանելի կլինի շուկայում, իսկ մինչ այդ անվանակարգի հատուկ մրցանակի շրջանակում Հենրիկ Հակոբյանը Բելգրադում կմասնակցի տեսախաղերի ոլորտում կազմակերպվող աշխարհի առաջատար Casual Connect համաժողովին՝ ներկայացնելով իր խաղը Indie Prize մրցույթ-ցուցադրությանը:

Նշենք, որ «Choppy Fish» խաղը հաղթող է ճանաչվել նաեւ «Լավագույն Game Play» անվանակարգում՝ արժանանալով 200 հազ. դրամ պարգեւի:

Orange-ի կողմից սահմանված հատուկ մրցանակը հանձնվել է Օրանժ Արմենիայի մասնագետների եւ Ֆրանսիայից հրավիրված՝ Orange Խումբը ներկայացնող ժյուրիի անդամի կողմից ընտրված IpricoT թիմին՝ «Angry Virus Run» խաղի համար: Խաղի հեղինակ Հարություն Ամիրխանյանին ընձեռվել է Ֆրանսիայում Orange Խմբի հավելվածների ստեղծման ստորաբաժանումներից մեկում 3 ամիս ժամկետով վարձատրվող վերապատրաստում անցնելու բացառիկ հնարավորություն:

Հատուկ մրցանակ շնորհելուց բացի՝ Orange-ն աջակցելու է նաեւ ընտրված մի քանի խաղերի, ներառյալ «Angry Virus Run» խաղի տարածմանը՝ իր «My Orange» բջջային հավելվածի միջոցով:  

«Լավագույն դիզայն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ժենյա Կարապետյանը՝ որպես մրցանակ ստանալով 200 հազ. դրամ: Նրա «Paint In» խաղը եւս կտեղադրվի «My Orange» բջջային հավելվածի «Խորհուրդ տրվող հավելվածներ» բաժնում:

«Լավագույն տեխնոլոգիական լուծում» անվանակարգում 200 հազ. դրամ է շնորհվել «Good Job» թիմին՝ «Lazy Monkeys» խաղի համար, իսկ Արմեն Մովսիսյանի հեղինակած «Little Leo» խաղը հաղթող է ճանաչվել «Լավագույն 3D լուծում» անվանակարգում:

«Պատանիների առաջնություն- Junior» անվանակարգում հաղթել է Վազգեն Հովհաննիսյանի «Rockin&Rollin» խաղը, իսկ «Ժողովրդական մրցանակ» անվանակարգի հաղթող է ճանաչվել AVAZ թիմն իր ինքնաթիռի թռիչքի սիմուլյատոր «Skydream» խաղով:

Մնացած անվանակարգերում հաղթողներ չեն ընտրվել, փոխարենը՝ առավել հետաքրքիր լուծումների հեղինակներն արժանացել են խրախուսական մրցանակների:

«Տպավորությունները դրական են. եթե ոչ քանակական ապա գոնե որակական աճ ենք արձանագրել: Մրցույթին մասնակցում էին 20 խաղեր՝ ներկայացված 18 մասնակիցների եւ թիմերի կողմից: Կարծում եմ՝ մրցույթը նպաստում է նաեւ մասնակիցների շրջանում ծրագրավորման գիտելիքների ավելացմանը: Օրինակ, նախորդ տարի ունեինք մասնակից, ով ծրագրավորում չգիտեր, իսկ արդեն այս տարի մասնակցելով մրցույթի շրջանակում անցկացվող դասընթացներին, լրացրել է այդ բացը»,- Itel.am-ի հետ զրույցում նշել է «Բաց Խաղ» ծրագրի ղեկավար Շուշանիկ Վարդանյանը:

Նրա խոսքով, այս տարի մրցույթը բացի Երեւանից, մասնակիցներ է ունեցել նաեւ Լոռու, Արարատի եւ Արմավիրի մարզերից:

Հավելենք, որ արդեն 4-րդ անգամ անցկացվող առաջնության նպատակն է Հայաստանում զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիական բիզնեսի նոր ուղղություն, բացահայտել նոր տաղանդներ եւ խրախուսել երիտասարդներին: