13:54 | 17.10.14 | Նորություններ | 3969
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ով ընկերության աշխատակիցների համար հանդես եկավ «Մարդու իրավունքները գործարարության ոլորտում» թեմայով դասախոսությամբ:
Դասախոսություն ընթացքում բանախոսը ներկայացրել է գործարար ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու, կատարված խախտումներից պաշտպանելու` պետության պարտավորությունները: Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաեւ մարդու իրավունքները հարգելու` ընկերությունների պարտականություններին, ինչպես նաեւ իրավունքների պաշտպանության եւ ոտնահարված իրավունքների վերականգնմանն ուղղված արդյունավետ միջոցների ու մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությանը:
«Օրենքի հանդեպ հարգանքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության առաջին իսկ օրվանից եղել է հիմնարար արժեք: Ընկերությունը մշտապես առաջնորդվել է այդ սկզբունքով, ինչը նաեւ ընկերության բարձր հեղինակության հիմնասյուներից է: Օրենքով առաջնորդվելը, առաջին հերթին, բխում է հաճախորդների եւ ընդհանուր առմամբ՝ հասարակության հանդեպ հարգալից վերաբերմունք դրսեւորելու հրամայականից: Միեւնույն ժամանակ՝ մենք բարձր ենք գնահատում ISO 26000 ուղեցույցներով նախատեսված՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, դրական փոփոխությունների շարունակական իրականացումը, եւ այս ճանապարհից որեւէ շեղում մեզ համար անընդունելի է», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: