17:15 | 09.10.14 | Նորություններ | 3436

Orange Հիմնադրամը և ՀԱՆ-ը ամփոփել են կուրության կանխարգելմանն ուղղված ծրագրերը

Տեսողության համաշխարհային օրվա առթիվ Orange Հիմնադրամը եւ Հայկական ակնաբուժության նախագիծն (ՀԱՆ) այսօր ներկայացրել են Հայաստանի ակնաբուժության ոլորտում իրենց կողմից իրականացվող ծրագրերը:

Orange Հիմնադրամի եւ ՀԱՆ-ի համագործակցությունը մեկնարկել է 2011թ-ին «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է որակյալ ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել  Հայաստանի մարզերի բնակիչներին՝ Աչքի շարժական հիվանդանոցի միջոցով:

2011թ.-ից ի վեր նշված ծրագրի շրջանակներում ավելի քան 66 հազ. մարդ (54 հազ. մեծահասակ եւ 12 հազ. երեխա) անցել է աչքի հետազոտություններ, իրականացվել է 5044 վիրահատություն ու լազերային բուժում, տրամադրվել՝ 23 631 ակնոց:

Orange Հիմնադրամն այսօր իրականացնում է նաեւ երեխաների կուրության դեմ պայքարին ուղղված ծրագրեր: Այդպիսի նախագծերից էր «Ֆրանսիայի հայկական բժշկական միություն - Փարիզ» ՀԿ-ի համատեղ իրականացված «Ակնոցներ Հայաստանի համար»  ծրագիրը, որի շրջանակներում Գեղարքունիքի  6200 երեխաներ անցել են աչքի զննում, որից 240-ը՝ ստացել անհատականացված ակնոցներ:

«Ուղարկիր սելֆի եւ օգնիր մեկ երեխայի պայքարել կուրության դեմ» առցանց արշավի մեկնարկից ի վեր՝ արդեն 667 մարդ մասնակցել է այս նախաձեռնությանը՝ ուղարկելով իրենց ինքնանկարը: Արշավի շրջանակում Արմավիրի մարզից նույնքան երեխա կստանա ակնոց:

«Այս ոլորտում ավելի քան 3 տարվա ընթացքում կատարված աշխատանքը համալրել ենք այս նոր առցանց արշավի միջոցով, որը մեր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում համախմբվել եւ իրենց ներդրումն ունենալ կուրության կանխարգելման այս շատ կարեւոր գործում», - նշել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Մենք շատ գոհ ենք «Մեկ selfie = մեկ ակնոց» ծրագրի արդյունքներից եւ կարծում ենք, որ ոչ միայն Արմավիրի, այլեւ մյուս մարզերի երեխաները նույնպես կշահեն նախաձեռնությունից», - ասել է Հայկական Ակնաբուժության Նախագծի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը։

Նշենք, որ ակնաբուժության ոլորտում Orange Հիմնադրամի  իրականացրած ծրագրերից է նաեւ տեսողական խնդիրներ ունեցող երեխաների՝ թիվ 14 հատուկ դպրոցում բրայլյան տպիչներով հագեցած սրահի ստեղծումը: