15:55 | 08.10.14 | Նորություններ | 1163

Գյումրիում կանցկացվի CrowdShop սեմինար

Հոկտեմբերի 9-ին Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա CrowdShop քրաուդֆանդինգի հմտությունների զարգացման սեմինարը, որի մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու դրամահավաքության հիմունքները եւ ծանոթանալու քրաուդֆանդինգի հիմնական հարթակներին արտերկրում եւ Հայաստանում:

Նույն օրը կտրվի քրաուդֆանդինգի հայկական Hophop.am հարթակի մեկնարկը:

CrowdShop-ի հիմնական նպատակն է օգնել հասարակական կազմակերպություններին, սկսնակ բիզնեսներին, գործարարներին եւ անհատներին կյանքի կոչել իրենց գաղափարները՝ որպես ֆինանսական միջոցների հայթայթման գործիք օգտագործելով քրաուդֆանդինգի հարթակները:

Սեմինարի ընթացքում հայ եւ արտասահմանցի փորձագետները կներկայացնեն քրաուդֆանդինգի հաջողված նախագիծ իրականացնելու գաղտնիքները, կանցկացվի հմտությունների զարգացման աշխատանքային հանդիպում եւ բաց քննարկում:

Սեմինարի հիմնական խոսնակներն են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ Digital Pomegranate ընկերության ներկայացուցիչ Թոդ Ֆաբաքերը:

Միջոցառման համակազմակերպիչներն են Deem Communications եւ Digital Pomegranate ընկերություններն, ինչպես նաեւ iTechnology.am-ը: Միջոցառման աջակիցներն են Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը, Հայաստանում ԱՄՆ Դեսպանությունը և UNICEF-ը: