17:08 | 07.10.14 | Նորություններ | 3389
«Բաց Խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի Հայաստանի բաց առաջնության մասնակիցներից մեկն Orange-ից կստանա հատուկ մրցանակ՝ ֆրանսիակում Orange Խմբի հավելվածների ստեղծման ստորաբաժանումներից մեկում մինչեւ 3 ամիս ժամկետով վերապատրաստվելու հնարավորություն: Վերապատրաստումը վարձատրվելու է, բացի այդ Օրանժ Արմենիան կհոգա նաեւ ավիատոմսերի ծախսերը:
Այս բացառիկ հնարավորությունից օգտվելու համար ցանկացողները մինչեւ հոկտեմբերի 8-ը պետք է գրանցվեն «Բաց Խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի Հայաստանի բաց առաջնությանը՝ որպես մասնակից եւ ներկայացնեն իրենց նախագծերը: Նախագծերն ավարտին հասցնելու եւ պատրաստի խաղերը ներկայացնելու համար մասնակիցները ժամանակ կունենան մինչեւ հոկտեմբերի 25-ը: Orange հատուկ մրցանակի հաղթողը կընտրվի Օրանժ Արմենիայի մասնագետների եւ Ֆրանսիայից ժամանած Orange Խմբի ժյուրիի անդամի կողմից՝ ներկայացված խաղերի հիման վրա: Հավակնորդները պետք է վարժ տիրապետեն անգլերեն լեզվին, լինեն մագիստրատուրայի առաջին կամ երկրորդ կուրսի ուսանող եւ մրցույթին ներկայանան Android օպերացիոն համակարգի համար նախատեսված ավարտուն խաղով: Այն դեպքում, եթե հաղթող ճանաչված խաղը թիմային աշխատանքի արդյունք է, վերապատրաստման կմեկնի խաղի ծրագրավորողը: «Բաց Խաղ» մրցույթին գրանցման եւ մասնակցությամ պայմաններն ավելի մանրամասն հասանելի են www.opengame.am կայքում:
Հիշեցնենք, որ «Բաց Խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնությունը կազմակերպվում է 2011 թ-ից սկսած Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) եւ Օրանժ Արմենիա ընկերության կողմից:
Այս տարի «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը նույնպես միացել է նախաձեռնությանը՝ որպես գլխավոր հովանավոր: