18:00 | 06.10.14 | Նորություններ | 3593

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորել է «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը

Հոկտեմբերի 3-5-ը «ԴիջիԹեք» 2014 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսում կայացել է «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, որին մասնակցել են դպրոցներում ստեղծված ինժեներական խմբակների սաներ:

Փառատոնի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 25 մլն դրամ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ 2012-ից դպրոցներում բացվել են ռոբոտաշինության խմբակներ, որոնց տրամադրվել են հատուկ այդ նպատակով նախագծված ռոբոտ-կոնստրուկտորներ։

«Ռոբոտաշինությունը մեր երկրի մրցունակության ամրապնդման հիմնական ուղղություններից մեկն է: Հայաստանն ունի մտավոր հսկայական ներուժ, որն անհրաժեշտ է օգտագործել երկրի հեռանկարային զարգացման գործում: Այս փառատոնը ռոբոտաշինությամբ հետաքրքրված սովորողների շրջանում խթանում է բացահայտելու եւ նորը ստեղծելու ձգտումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ռոբոտատեխնիկայի խմբակներն արդեն գործում են թվով 60 դպրոցում: Դրանցից 50-ը ստեղծվել են մարզերում: