17:30 | 22.09.14 | Նորություններ | 1057
Հոկտեմբերի 3-5-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համակարգչային եւ բջջային խաղերի նախագծմանը նվիրված Հեքեթոն, որի հաղթողը կմասնակցի Casual Connect Բելգրադ համաժողովին եւ դրան կից անցկացվող IndiePrize մրցույթ-ցուցադրությանը:
ԴիջիԹեք Էքսպոյի շրջանակներում անցկացվող Հեքեթոնի այցելուները հոկտեմբերի 5-ին հնարավորություն կունենան խաղալու եւ ընտրելու լավագույններին, որոնց սպասում են մրցանակներ՝ համակարգիչներ, թաբլեթներ, սմարթֆոններ:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ունեն ծրագրավորման գիտելիքներ, նկարելու ունակություն, անիմատոր են կամ կարող են խաղերի համար երաժշտական լուծումներ առաջարկել: Նպատակն է նախագծել 2D խաղ՝ թիմով կամ անհատական ձեւով: Խաղերը կարող են նախագծվել պարզ եղանակներով, ինչպես, օրինակ, Flappy Bird, Timberman խաղերը:
Դիմող անհատներից կձեւավորվեն թիմեր: Կարող են դիմել նաեւ արդեն ձեւավորված թիմեր: Հեքեթոնի ամբողջ ընթացքին ներկա կլինեն խաղային ոլորտի տարբեր մասնագետներ, ովքեր խաղերին առնչվող խորհրդատվություն կտրամադրեն թիմերին:
Գրանցումը բաց է մինչեւ հոկտեմբերի 1-ը: Հոկտեմբերի 2-ին կկազմակերպվի կողմնորոշիչ հանդիպում, որտեղ մասնակիցները կծանոթանան Հեքեթոնի պայմաններին, եւ կձեւավորվեն թիմեր: