Մի քանի օրից iOS 8-ի բոլոր օգտատերերը կկարողանան ներբեռնել iPhone-ի եւ iPad-ի համար նախատեսված հայատառ ստեղնաշար:
Հայատառ ստեղնաշարի հեղինակը ծրագրավորող Հակոբ Վարդանյանն է, ով ծրագիրն իրականացրել է ԱՄՆ-ում բնակվող Սամվել Հովհաննիսյանի հետ համատեղ՝ կամավոր սկզբունքով:
Մեդիամաքսի հետ զրույցում Հակոբ Վարդանյանը նշել է, որ iPhone-ի եւ iPad-ի համար նախատեսված հայատառ ստեղնաշար ստեղծելու գաղափարը ավելի քան երկու տարվա պատմություն ունի:
«Սկզբում փորձեցինք կապվել Apple-ի հետ եւ առաջարկեցինք գաղափարն իրականություն դարձնել, բայց չստացվեց: Այժմ, երբ արդեն թողարկվել է iOS 8-ը, դա հայատառ ստեղնաշար ունենալու հնարավորություն տվեց, ուստի որոշեցինք առիթը բաց չթողնել»,- ասել է Հակոբ Վարդանյանը:
Ծրագրավորողի խոսքով, աշխատանքային գործընթացը բարդ էր հետազոտություն իրականացնելու առումով, քանի որ համապատասխան նյութեր համացանցում չկային: Ի վերջո, ջանքերը հաջողությամբ պսակվեցին, եւ արդյունքը հանրությանը կներկայացվի մի քանի օրից: