17:07 | 10.09.14 | Նորություններ | 2011

Մեկնարկում է Beeline-ի եւ Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ «Գիտելիք` հանուն բարեկեցության» ծրագիրը

Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարել են համատեղ  «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի նպատակն է ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում և Երևանում: Ծրագրի շրջանակում Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի 6 կրթական հաստատությունում կիրականացվեն ներառական կրթության զարգացմանն ուղղված ծրագրեր: Ներառական կրթությամբ զբաղվող մասնագետները կանցնեն վերապատրաստում, մասնագիտական սենյակները կզինվեն հատուկ զարգացնող խաղերով և գրականությամբ, կստեղծվեն երեխաների զարգացման Beeline անկյուններ, երեխաներին կտրամադրվեն Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղալիքներ: 

«Մենք կարևորում ենք Մանկական զարգացման հիմնադրամի հետ հաջող համագործակցությունը և հավատացած ենք, որ այս ծրագիրը նույնպես կօգնի երեխաներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Հատուկ կարիքներով երեխաների համար համապատասխան ուսումնական պայմանների ապահովումը և ներառական կրթության որակի բարձրացումն առանցքային նշանակություն ունեն նրանց մտավոր ներուժի զարգացման համար: Սա իր հերթին ստեղծում է ինքնադրսևորման ավելի լայն հնարավորություններ երեխաների համար և նպաստում նրանց ինտեգրմանը հասարակություն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:    

Beeline-ը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ  2011 թվականի ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաներից և հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներից բաղկացած «Մենք ենք» թատերախումբը: Թատերախմբի սաների համար անց են կացվում հատուկ միջոցառումներ և արտ–թերապիայի դասընթացներ, որոնք նպաստում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակություն։