16:19 | 10.09.14 | Նորություններ | 1312

Վարչապետը հանդիպել է Microsoft-ի պատվիրակությանը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսին:

Վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: «Այն զարգացման մեծ ներուժ ունի եւ համարվում է կառավարության ծրագրի առանց¬քային ուղղություններից մեկը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: 

Նա վստահեցրել է, որ կառավարությունը շահագրգռված է «Մայքրոսոֆթ»-ի հետ համագործակցությունը շարունակելու եւ ընդլայնելու գործում: Հաշվի առնելով երկկողմ համագործակցության հաջող փորձը՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է քննարկել նոր ուղղություններով երկարաժամկետ համագործակցության եւ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր հեռանկարային ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Մասնավորապես, կառավարության ղեկավարն անդրադարձել է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հենքի վրա «Մայքրոսոֆթ Վենչուրս» աքսելերատոր ստեղծելու  եւ մոբայլ լուծումների/մշակում¬ների կենտրոն հիմնելու հնարավորություններին:

Փիլար Թորեսը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ ուղղված ՏՏ բնագավառի զարգացման ծրագրերի իրականացմանը եւ վստահություն է հայտնել երկկողմ համագործակցության ընդլայնման հարցում: Նա կարեւորել է փոխգործակցությունը մտավոր սեփականության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ կիբեռհանցագործությունների դեմ պայքարում: