16:45 | 05.09.14 | Նորություններ | 2579
Համակարգչային խաղերի հայ նախագծողները կարող են մասնակցել նոյեմբերի 10-12-ին Բելգրադում կայանալիք հեղինակավոր Casual Connect համաժողովին՝ միաժամանակ իրենց նախագծած խաղերը ներկայացնելով համաժողովին կից անցկացվող IndiePrize ցուցադրություն-մրցույթին:
Casual Connect համաժողովը ներառում է խաղերի ցուցահանդես, դասընթացներ, թեմատիկ ներկայացումներ եւ այլն: IndiePrize մրցույթի մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն ցուցադրել իրենց խաղերը, այլեւ շփվել indie ծրագրավորողների հետ, փոխանակվել փորձով, ձեռք բերել նոր գործընկերներ եւ հմտություններ:
Այս բացառիկ հնարավորությունից օգտվելու համար ցանկացողները մինչև հոկտեմբերի 8-ը պետք է որպես մասնակից գրանցվեն «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի Հայաստանի բաց առաջնությանը: Բելգրադ մեկնող խաղը կընտրվի «Բաց Խաղ» առաջնության ժյուրիի կողմից:
Հավակնորդները մրցույթին պետք է ներկայացնեն ավարտուն խաղ: Մասնակցության պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ մրցույթի կայքում: Մրցույթի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ Օրանժ Արմենիան:
Հավելենք, որ «Բաց Խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնությունը կազմակերպվում է սկսած 2011թ.-ից՝ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) եւ «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից: Այս տարի առաջնության գլխավոր հովանավորն է «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը: