16:46 | 02.09.14 | Նորություններ | 2938

Ա.Երիցյանը եւ Ռ. Յիրիկյանը ներկայացրել են ՀՀ կառավարության սերվերային պահուստային կենտրոնը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ներկայացրել են ԱԻՆ-ում ստեղծված՝ ՀՀ կառավարության սերվերային պահուստային կենտրոնը:

Դրա ստեղծման համար համագործակցող կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել մեկ տարի առաջ`օգոստոսի 14-ին: Հուշագրի հիման վրա, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել էր 50 միլիոն դրամ՝ սերվերային պահուստային կենտրոնի ստեղծման, գույքի, սարքավորումների եւ տեխնիկական միջոցների ձեռքբերման նպատակով:
 
«Տեղեկատվական անվտանգությունը ժամանակակից աշխարհի առանցքային մարտահրավերներից մեկն է: Տեղեկատվական համակարգերի արդիականացումը եւ տվյալների անվտանգության գերժամանակակից պահանջների ապահովումն այլընտրանք չունեն: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը գիտակցում է այդ արդիականացման գործընթացում երկարաժամկետ ներդրումների կարեւորությունը: Սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի ստեղծումն ուղղված է հնարավոր ճգնաժամային իրավիճակներում մեր պետության կառավարման համակարգի կենսունակության բարձրացմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Նախագծի իրականացման համար ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի կողմից հատկացվել է 12,4 մլն դրամ: