14:27 | 24.08.14 | Նորություններ | 2380

Ուշի գյուղի` 90-ականներից շահագործվող խմելու ջրի մատակարարման համակարգը փոխվել է

Համայնքում առկա հիմնախնդիրներից մեկի` խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձնական միջոցներից հատկացրել է 16 մլն դրամ: Ներդրման շնորհիվ փոխվել է ավելի քան 1600 մ երկարության մայր ջրագիծը: Իրականացված ծրագրի արդյունքից օգտվելու է 650 ընտանիք:

Գյուղի խմելու ջրամատակարարման համակարգը կառուցվել է հեռավոր 90-ականներին: Համայնքային բյուջեի սղության պատճառով` համակարգը նորով փոխարինելու անհրաժեշտությունը, տարիներ շարունակ, ծրագրի չի վերածվել: Մայր ջրատարը ենթարկվել է միայն մասնակի վերանորոգման: Տեղանքի ռելիեֆը եւ տարիների ազդեցությունն իրենց հետքն են թողել խողովակների վրա: Դրանք քայքայվել են, ենթարկվել կոռոզիայի: Ռալֆ Յիրիկյանի դրսեւորած պատրաստակամությունը, ինչպես նաեւ նոր համակարգի կառուցման հնարավորությունը, ոգեւորել են բնակիչներին: Ամռանը երկրորդ կեսին մեկնարկած շինարարական աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հենց ուշեցիները:

Բնակիչների մեծ մասի նախնիներն, ի դեպ, այս համայնք են գաղթել Արեւմտյան Հայաստանից:  Պատմական Հայաստանի տարբեր նահանգներից հարուստ մշակույթ ժառանգած համագյուղացիները կարեւոր ձեռքբերում են համարում նաեւ գյուղի մշակույթի տան վերակառուցումը: Շենքը ծառայում է որպես գյուղապետարան, մշակույթի տուն եւ գրադարան: Այդտեղ է տեղակայված նաեւ փոստային ծառայության գրասենյակը: Նախկինում ավերակներ հիշեցնող շենքն ամբողջությամբ վերափոխվել է: Ռալֆ Յիրիկյանը միացել է նաեւ կանադահայ հայրենակից Մարգար Շարապխանյանի նախաձեռնությանը եւ շուրջ 12 մլն դրամ էլ հատկացրել է մշակույթի տան վերանորոգման համար:

«Ուշիում վաղուց հաստատված մեր հայրենակիցները «էրգրի» շենացման երազանքն իրականություն են դարձնում այստեղ: Փոքրիկ Արեւմտահայաստան հիշեցնող այս գյուղն ուշագրավ է իր բնակչության կազմով: Շատ կարեւոր է նրանց կողքին լինելը: Առհասարակ, միմյանց աջակցելը մեր ազգային բնավորության դրական գծերից է: Դրա շնորհիվ նաեւ` հայը շարունակում է ապրել ու ապրեցնել հայրենիքը»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: