14:36 | 22.08.14 | Նորություններ | 884

Երեւանում բացվել է Դ-Լինկ ընկերության նոր գրասենյակը

«Դ-Լինկ Ինտերնեշնլ ՊՏԵ ԼՏԴ » հայաստանյան ներկայացուցչությունը նորակառույց գրասենյակ է բացել Երեւանում:

«Հայաստանում մենք նոր եւ անսպասելի հնարավորություններ հայտնաբերեցինք: Մարդկային, ինտելեկտուալ ներուժն իսկապես տպավորիչ է, ՏՀՏ ոլորտի զարգացման տեմպերն էլ խիստ խոստումնալից: Այս ամենը հաշվի առնելով, որոշեցինք Հայաստանում առավել ակտիվ գործունեություն ծավալել»,- նշել է Դ-Լինկ ընկերության փոխնախագահ Թոմաս Հուանգը:

«Հատկապես կարեւորում ենք ուսումնական ծրագրերի իրականացման համար ստեղծված լավ պայմանները, ինչը հնարավորություն կտա ապահովել կադրերի պատրաստման շարունակական գործընթաց»,- ասել է Դ-Լինկ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանը:

Նշվում է, որ 2007-ից Հայաստանում գործունեություն ծավալող ընկերության նորակառույց գրասենյակի բացումը հնարավորություն կտա աշխատակիցների թիվը ներկայիս 12-ից մինչեւ 2015 թ. մարտը հասցնել 25-ի: Ընկերությունը նախատեսում է առաջիկա մեկուկես տարվա ընթացքում ունենալ մինչեւ 40 աշխատատեղ: