12:47 | 14.07.14 | Նորություններ | 3170
Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Ոսկե ծիրան» Երեւանի 11-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացման արարողությունը: Արդեն 9-րդ տարին կինոփառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:
«Կինոն անգնահատելի ազգային արժեք է: Մեծ կինոյով մենք՝ հայերս, հավասարը հավասարի կանգնում ենք մշակութային ազգերի կողքին: Առանց կինոյի մենք հայտնվում ենք խեղճ ազգականի կարգավիճակում: Երբեմն մեզ թվում է, թե բոլորը գիտեն մեզ եւ ծանոթ են մեր խնդիրներին: Մինչդեռ`այդպես չէ: Այսօր անչափ կարեւոր է ցուցադրել մեր կինոմշակույթը եւ վերջինիս միջոցով` մեր պահանջները, մեր դատը, մեր ինքնությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար փառատոնը կարեւոր իրադարձություն է ոչ միայն որպես կինեմատոգրաֆիայի ոլորտի իրադարձություն, այլեւ` համազգային նշանակության իրադարձություն: Այսօր մենք կարող ենք փաստել, որ փառատոնը, որպես մշակույթ, փոխգործակցության յուրօրինակ կամուրջ է դարձել Հայաստանի եւ արտաքին աշխարհի միջեւ: «Ոսկե ծիրան» փառատոնին մաղթում ենք ստեղծագործական մտքի նոր թռիչք, լեցուն կինոսրահներ եւ հանդիսատեսի գնահատանք»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այս տարվա փառատոնը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին եւ իրականացվելու է փարաջանովյան ներշնչանքով: Փառատոնի բացման շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվել է Փարաջանովի լեգենդար «Նռան գույնը» ֆիլմը` (Սկորսեզեի հիմնադրամի կողմից վերականգնված տարբերակը): Կայացել է նաեւ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի (լուսանկարների հեղինակ` Յուրի Գարմաշ) պաշտոնական բացումը, որին մասնակցել են Փարաջանովի արվեստի սիրահարները եւ անձամբ լուսանկարիչը: