11:01 | 10.07.14 | Նորություններ | 921
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նոր ռազմավարությունը նախատեսում է 2018թ.-ին Հայաստանում բարձր տեխնոլոգիական ընկերությունների թիվը հասցնել 1300-ի:
Այս մասին ԻՏՁՄ ռազմավարության հաստատմանը նվիրված արտահերթ համագումարում հայտարարել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Մանրամասնելով հնգամյա ռազմավարության ուղղությունները, Կարեն Վարդանյանը նշել է, որ նախատեսվում է 2018 թվականին Հայաստանում ունենալ միջազգայնորեն մրցունակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, որը կապահովի Հայաստանի դիրքը աշխարհի տեխնոլոգիապես առաջատար 20 երկրների շարքում:
«Այս նպատակին հասնելու համար մշակվել են 4 ռազմավարական ուղղություններ: Դրանք են Հայաստանի բարձր տեխնոլոգիական ապրանքանիշի զարգացումը, ըստ որի մեր երկիրն աշխարհին կներկայանա որպես «Անակնկալ ինժեներական լուծումների» երկիր (Surprising Engineering): Հաջորդ սերունդները լինելու են Surprising Engineering-ի կրողները»,- նշել է Կարեն Վարդանյանը:
Անդրադառնալով ռազմավարության մյուս ուղղություններին, ԻՏՁՄ գործադիր տնօրենը ասել է, որ նախատեսվում են հասնել նրան, որ հանրապետության բոլոր դպրոցներն ապահովված լինեն ինժեներական լաբորատորիաներով:
«Օգտվելու ենք չորս գործիքներից: Դրանցից է «Նաիրի» լաբորատորիան, որը երեխաներին թույլ է տալիս եռաչափ տպիչներով, խառատային հաստոցներով եւ ռոբոտ պատրաստելու այլ հնարավորություններով հինգերորդ դասարանից սկսել ծրագրավորում սովորել: Հաջորդ գործիքը ռոբոտ կոնստրուկտորն է: Երրորդը «Ատելյե Լաբ» հայեցակարգն է, ըստ որի, երեխաները՝ քանդելով հին համակարգիչները եւ դրանցից նոր բաներ սարքելով, սովորում են շփվել էլեկտրոնիկայի եւ ծրագրավորման հետ: Վերջին գործիքը «Լայվ Կոդ» ծրագրավորման միջավայրն է, որի օգնությամբ երիտասարդները կարող են ծրագրավորել թե Android եւ թե iOS-ի համակարգերում»,- պարզաբանել է Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով, առաջիկա նպատակներից է առցանց համալսարանի հիմնումը, որտեղ երեխաները մարզերից Երեւան գալու փոխարեն կարող են տեղից ծրագրավորում սովորել: Մյուս նպատակը ոլորտի ձեռնարկությունների կառավարման ներքո արագացրած բակալավրի ծրագրի հիմնումն է, որը թույլ կտա կարճ ժամանակահատվածում լավ մասնագետներ պատրաստել:
Խոսելով կառավարության հետ հարաբերություններների մասին, Կարեն Վարդանյանն ասել է, որ ԻՏՁՄ-ն «ՀՀ կառավարության ամենասուր քննադատն է եւ ամենավստահելի գործընկերը»: