16:18 | 16.06.14 | Նորություններ | 3364

4 տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին նվիրաբերել է 1 մլրդ 340 մլն դրամ

2010թ.-ից ի վեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդիսանում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր գործընկերը՝ այս ընթացքում նվագախմբի նվիրաբերելով 1 մլրդ 340 մլն դրամ:

Հունիսի 15-ին Երեւանում կայացել է համաշխարհային ճանաչում ձեռք բերած երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի եւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի առաջին համատեղ համերգը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրանք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ հնչեցրել են Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները:

«Անհնար է գերագնահատել դասական կատարողական դպրոցի լավագույն ավանդույթները պահպանելու կարեւորությունը: Այդ ավանդույթները ստեղծվել են երկար տարիների ընթացքում, երախտավորների տաղանդի, սիրո եւ նվիրման շնորհիվ: Գլոբալացումը եւ դրա հետ կապված՝ որակյալ մասնագետների արտահոսքը, մեծ հարված են հասցնում հայկական մշակույթին: Մենք պետք է հնարավորին չեզոքացնենք այդ գործընթացը հատկապես մշակույթի ոլորտում, որովհետեւ, հատկապես այս ոլորտում կորուստները գրեթե անհնար են վերականգնել: Ֆիլհարմոնիկ նվագախումբը մեր ազգային արժանապատվության, մեր մշակութային ինքնության մաս է կազմում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: