12:07 | 29.05.14 | Նորություններ | 1477
Մայիսի 30-31-ին Երեւանում կայանալիք մոբայլ հավելվածների Mobile App Expo-2014 ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ:
Expo-ի կազմակերպիչներից մեկը՝ «էմ լաբ էկա» (mLab ECA) ընկերության տնօրեն Մարիամ Դավթյանը Մեդիամաքս-ին ասել է, որ միջոցառմանը կմասնակցեն 42 ընկերություն Հայաստանից, Ղազախստանից եւ Տաջիկստանից: Մասնակիցները կներկայացնեն արդեն պատրաստի խաղերի մոբայլ հավելվածներ, բիզնեսի, սոցիալական եւ կրթական ոլորտների, ազատ ժամանցի համար մշակված լուծումներ:
Մարիամ Դավթյանը տեղեկացրել է, որ բացի բուն ցուցահանդեսից միջոցառման առաջին օրը ԱրմԹաբ-ի հետ համատեղ անցկացվելու է մայրենիի բաց դաս, որին կմասնակցեն առաջին դասարանցիները: Աշակերտներին կներկայացվի Այբբենարանի ինտերակտիվ տարբերակը:
Իսկ մոբայլ խաղերի սիրահարների համար մրցաշար է անցկացվելու, որի հաղթողը Samsung ընկերության կողմից կստանա Samsung Galaxy S5 հեռախոս:
«Samsung-ը նվեր է պատրաստել նաեւ ցուցահանդեսի մասնակիցների համար: Այն մասնակիցը, ով կներկայացնի Tablet-ի համար լավագույն հավելվածը, կստանա ընկերությունից Samsung Galaxy Note»,- ասել է Մարիամ Դավթյանը:
Expo-ի տարածքում գործելու է նաեւ մոբայլ հավելվածների աքսելերացիայի ճամբար: 11 թիմեր կներկայացնեն իրենց կողմից մշակված մոբայլ հավելվածների գաղափարները: Լավագույնները AppCampus ծրագրի կողմից կստանան մինչեւ 70 հազար եվրո ֆինանսավորում:
Իսկ ցուցահանդեսի երկրորդ օրը start up ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց գաղափարները ռուսաստանյան Imperious Group եւ առաջին հայկական Granatus Ventures վենչուրային հիմնադրամներին՝ հետագայում նրանց կողմից ֆինանսավորում ստանալու նպատակով:
Մարիամ Դավթյանի խոսքով, Imperious Group-ը հետաքրքրված է հայաստանյան շուկայով եւ ցանկություն ունի մինչեւ $500 հազ.-ի համարժեք ծրագրեր ֆինանսավորել:
«Հուսով ենք, որ այս միջոցառումը շարունակական բնույթ կունենա եւ կդառնա ամենամյա»,- ասել է Մարիամ Դավթյանը, նշելով, որ նմանատիպ միջոցառումները խթան են հանդիսանում Հայաստանում մոբայլ հավելվածների բնագավառի զարգացման համար:
Mobile App Expo-2014 կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), «էմ լաբ էկա» (mLab ECA) ընկերությունը եւ Microsoft հայաստանյան Ինովացիոն կենտրոնը: Itel.am կայքը միջոցառման ինֆորմացիոն հովանավորն է: