11:47 | 29.05.14 | Նորություններ | 1445

Yevista-ն գործարկել է հավելվածներ IOS եւ Android հարթակների համար

Yevista.am հայկական բիզնես միջավայրի գնահատման համակարգի հեղինակները գործարկել են նախագծի ծրագրային հավելվածը` IOS եւ Android հարթակների համար։

Yevista.am-ը Հայաստանում գտնվող հասարակական վայրերի (սրճարանների, ռեստորանների, խանութների, հիվանդանոցների, ծառայությունների եւ այլն) վարկանշավորման ծառայություն է: Այսօր Yevista.am-ում կարելի է ծանոթանալ ավելի քան 3000 վայրերի մասին 20000-ից ավելի կարծիքներին: Նախագիծն ունի մոտ 2000 ակտիվ օգտատերեր:

«Հավելվածները ոչ միայն հնարավորություն են տալիս անմիջապես տեղեկանալ յուրաքանչյուր վայրի վերաբերյալ առկա կարծիքներին, այլեւ թույլ են տալիս կարծիք գրել ու արտահայտել գոհունակությունը կամ դժգոհությունն անմիջապես հեռախոսից: Yevista հավելվածի առկա քարտեզի վրա հնարավոր է գտնել Հայաստանի գրեթե բոլոր վայրերը, թանգարանից ու կինոթատրոնից, մինչեւ կրթական հաստատություններ, մանկապարտեզներ, ռեստորաններ ու ակումբներ: Կարեւորն այն է, որ ըստ որոնման արդյունքների հայտնաբերված յուրաքանչյուր վայրի հեռավորությունը ձեր հեռախոսից տրվում է հենց քարտեզի վրա»,- նշում է Yevista նախագծի համակարգող Ռուբեն Միրաքյանը:

Յուրաքանչյուր վայրում գրանցվելու, այդ վայրի մասին կարծիք գրելու ու կարծիքը սոցիալական ցանցերում կիսելու համար օգտատերերը ստանում են միավորներ ու համապատասխան մրցանակներ:

Ինչպես հայտնում են հավելվածի հիմնադիրները, շուտով նույն հավելվածը հասանելի կլինի նաեւ Վրաստանի ու ԱՊՀ երկրների համար:

Մայիսի 30-ին Yevista-ի տաղավարը ներկայացված կլինի Mobile App Expo 2014 ցուցահանդեսին, որը կկայանա Սիրահարների այգում: