14:52 | 19.05.14 | Նորություններ | 1165

«Կասպերսկու լաբորատորիա»-ն գործարկել է FriendOrFoe ծառայություն Facebook-ի համար

«Կասպերսկու լաբորատորիա»-ն գործարկել է FriendOrFoe ծառայությունը, որը նախատեսված է Facebook սոցիալական ցանցի օգտատերերի համար եւ հնարավորություն է տալիս պարզել վիրտուալ ընկերների բնավորությունը, ակտիվությունը, ինչպես նաեւ աշխարհագրական ընդգրկվածությունը:

Այս մասին Lenta.ru-ին հայտնել են «Կասպերսկու լաբորատորիա»-ում:

Գաղտնիք չէ, որ Facebook-ը ներքին վերլուծական ալգորիթմների միջոցով հավաքում է օգտատերերի վարքագծի մասին մեծ քանակությամբ տեղեկատվություն, այդ թվում հրապարակվող գրառումների տեսակներ, օգտագործվող հավելվածներ, ակտիվության պարբերական ընդմիջումներ:

Սա հիմք ընդունելով` «Կասպերսկու լաբորատորիա»-ի մասնագետները ստեղծել են ծառայություն, որը թույլ կտա իմանալ շատ ավելի մեծ քանակությամբ տեղեկատվություն այն մարդկանց մասին, ովքեր գտնվում են նրանց վիրտուալ ընկերների ցուցակում: 

Նշվում է, որ ծառայությունը թույլ է տալիս վերլուծել, թե ինչով են զբաղված Facebook-ի ընկերները. ով է սոցկայքում ամենաակտիվը, ով ունի տվյալ օգտատիրոջ հետ ավելի շատ հետաքրքրություններ, ինչքան հաճախ է մեկնաբանություն թողնում ընկերների գրառումների տակ եւ այլն: Ծառայությունից օգտվելու համար օգտատերը պետք է մուտք գործի հետեւյալ հղումով` օգտագործելով Facebook-ի իր հաշվի տվյալները:

Ծառայությունը թույլ է տալիս նաեւ որոշել տվյալ օգտատիրոջ «սոցիալական տարիքը»` նրա վիրտուալ ընկերների ցանկի հետազոտության եւ վերջիններիս հետ շփման հաճախականության միջոցով: 

«FriendOrFoe-ի միջոցով փորձում ենք օգտատերերին ցույց տալ, թե նրանց անձնական տվյալների որքան մասն է հասանելի ցանկացողների համար, եւ թե ինչպիսին են նրանք այլ մարդկանց, հատկապես ոչ շատ մաքուր նպատակներ ունեցող մարդկանց տեսանկյունից»,- Lenta.ru-ի հետ զրույցում նշել է «Կասպերսկու լաբորատորիա»-ի սոցիալական մեդիայի գծով ղեկավար Եվգենի Չերեշնեւը: