14:31 | 01.04.14 | Նորություններ | 1219

Վաղը կանցկացվեն Հեղինակային իրավունքի մասին նոր օրենքի հանրային լսումներ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ Մտավոր սեփականության գործակալության եւ ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի հետ համատեղ վաղը, ապրիլի 2-ին կանցկացվեն հանրային լսումներ` նվիրված Հեղինակային իրավունքի հիմնահարցերին եւ «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծին:

«Միջոցառումը հնարավորություն կընձեռի տեղեկանալ հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներին եւ լուծումներին, հարցադրումներ ներկայացնել հեղինակային իրավունքի մասնագետներին եւ ստանալ պատշաճ պատասխաններ», - նշված է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի հաղորդագրության մեջ:

«Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում տեղայնացվել են Եվրամիության հեղինակային իրավունքին վերաբերող նոր ընդունված դիրեկտիվների դրույթները, Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված՝ հեղինակային իրավունքին վերաբերող օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունները եւ մասնագետների կողմից ներկայացված այլ առաջարկություններ: