15:07 | 13.03.14 | Նորություններ | 4136
Orange Հիմնադրամն այսօր հայտարարեց համայնքային զարգացման «Մեկ գյուղ» լայնածավալ ծրագրի մեկնարկի մասին: «Մեկ գյուղ» նախաձեռնության հիմնական նպատակն է աջակցել գյուղական համայնքների համալիր զարգացմանը: Այն, մասնավորապես, ուղղված է լինելու ընտրված մեկ գյուղական համայնքի տնտեսական գործունեության կայուն զարգացմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաեւ կրթական ու առողջապահական ենթակառուցվածքների բարելավմանը: Ծրագիրն իրականցվելու է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում «Շեն» բարեգործական կազմակերպության կողմից: Այն նախատեսվում է ավարտել մեկ տարվա ընթացքում: «Մեկ գյուղ» ծրագրին Orange Հիմնադրամի հատկացված ֆինանսական աջակցությունը կազմել է 55 մլն դրամ:
«Մեկ գյուղ» ծրագիրն օգտագործելու է սպառողական կոոպերատիվի մոդելը, որը Հարթավան գյուղի բնակիչներին թույլ կտա բարելավել կաթնամթերքի արտադրությունն ու վաճառքից ստացված արդյունքները: Նորաստեղծ կոոպերատիվին աջակցելու նպատակով ստեղծվելու է կաթի հավաքագրման եւ վաճառքի մասնագիտացված ու նոր տեխնիկայով զինված կետ: Ծրագրի շրջանակներում ջրաբաշխման համակարգի վերանորոգման եւ 500 մետր երկարությամբ նոր խողովակաշարի կառուցման միջոցով՝ կբարելավվի նաեւ համայնքի ոռոգման համակարգի արդյունավետությունը: Ֆինանսական միջոցներ կհատկացվեն նաեւ գյուղի մանկապարտեզի վերանորոգմանն ու ընդլայնմանը, ինչը հնարավորություն կտա կրկնապատկել մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Կվերակառուցվեն նաեւ ֆուտբոլի եւ վոլեյբոլի խաղահրապարակները: Ծրագիրը նախատեսում է նաեւ համայնքի բուժկետի՝ նոր սարքավորմաբ համալրումն ու բուժանձնակազմի համար մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակեպումը:
«Գյուղական համայնքերն ու դրանց առօրյա խնդիրները մշտապես Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: Մեր գործընկերների հետ համատեղ մենք արդեն իրականացրել ենք գյուղական համայնքների սոցիալական ենթակառուցվածքների՝ սպորտային համալիրների, մանկապարտեզների, համակարգչային սրահների զարգացմանն ուղղված մի շարք արդյունավետ ծրագրեր: Վերջիններիս նպատակն էր խթանել գյուղական համայնքների տնտեսական զարգացման հնարավորությունները, ինչպես, օրինակ, Բերդավան գյուղում իրականացված պտղաբուծության զարգացման ծրագիրը: Այս անգամ մենք նախաձեռնել ենք էլ ավելի համապարփակ ծրագիր, որն ուղղված է լինելու Հարթավան գյուղի կաթնարդյունաբերության, ինչպես նաեւ ոռոգման համակարգի զարգացմանը եւ սպորտային խաղահրապարակների ու համայնքի բուժկետի տեխնիկական հագեցվածությանը: Ակնկալում ենք, որ մինչեւ տարեվերջ «Շեն» բարեգործական կազմակերպության հետ համատեղ իրականացվող այս նախաձեռնությունը դրական ազդեցություն կունենա եւ կբարելավի համայնքի բնակիչների կյանքի պայմանները»,- ասել է Orange Armenia Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը :
Ծրագրի մեկնարկին իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, Արագածոտնի մարզպետը, Էկոնոմիկայի փոխնախարարը, ինչպես նաեւ Էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչության ղեկավարը: Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին ծրագրի վերաբերյալ՝ նշելով զգալի ֆինանսական ներդրման, ինչպես նաեւ գյուղական համայնքի տարբեր հիմնախնդիրներին համալիր լուծում տվող այս յուրահատուկ մոտեցման կարեւորությունը: