18:15 | 19.12.13 | Նորություններ | 1438
Armtab պլանշետները հավաքվելու են «ՌԱՕ Մարս»-ի տարածքում: Որոշումն այդ մասին այսօր կայացրել է ՀՀ կառավարությունը:
Հիմք ընդունելով «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, կառավարությունը որոշել է նշված ՍՊԸ-ին «ՌԱՕ Մարս» տարածքում տրամադրել շահագործողի թույլտվություն` պլանշետների հավաքման եւ ծրագրավորման գործունեության իրականացման համար:
«Ընկերությունը նախատեսում է համագործակցություն հաստատել պլանշետների արտադրության ամերիկյան Minno գրասենյակի հետ, որը կստանա Հայաստանի կազմակերպության թողարկած բոլոր պլանշետները եւ կզբաղվի դրանց իրացմամբ եւ առաքմամբ: Գործունեության երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցի 50 հազարի, միավորի գինը կլինի 180 ԱՄՆ դոլար, ինքնարժեքը` 135 ԱՄՆ դոլար: Առաջին տարում արտադրություն կներդրվի $ 1 մլն 350 հազար, երրորդ տարում` $ 6 մլն 750 հազար ԱՄՆ դոլար: Բացի ներդրում ներգրավելուց ազատ տնտեսական գոտու շահագործումը հնարավորություն կտա խթանել բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը», - ասված է ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ ս.թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի այսօրվա նիստում ներկայացվել էին «հայկական արտադրության առաջին պլանշետը (Armtab) եւ առաջին հեռախոսը (Armphone)»:
Նիստում ընկերության նախագահ Վահան Շաքարյանն ասել է, որ արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 եւ 10.1 դյույմանոց էկրանով, 3G եւ WiFi հնարավորություններով, ինչպես նաեւ առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոնը (Armphone):
Նշվել էր, որ «պլանշետների ծրագրային եւ սարքային ապահովման (software եւ hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում եւ Հոնկոնգում»: