16:10 | 13.12.13 | Նորություններ | 951

Հայերեն Վիքիպեդիան հոդվածների քանակով 48-րդն է աշխարհում

Երեւան: Մեդիամաքս: Հայերեն Վիքիպեդիան համալրել է խոշորագույն Վիքիպեդիաների շարքը եւ ներկայումս հոդվածների քանակով զբաղեցնում է 48-րդ տեղը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանը, ամփոփելով կազմակերպության 2 տարվա գործունեությունը, ասել է, որ դեռ երկու տարի առաջ Վիքիպեդիան ուներ ընդամենը 16 հազար հայերեն հոդված, իսկ այսօր դրանց թիվը հատել է 100 հազարի սահմանը:

«Իր գործունեության կարճ ժամանակահատվածում «Վիքիմեդիա Հայաստանը» իրականացրել է «Վիքին սիրում է հուշարձանները» միջազգային լուսանկարչական մրցույթը Հայաստանում եւ Արցախում, կազմակերպել Վիքի-կոնֆերանս Երեւանում, ծավալել կրթական ծրագրեր հանրակրթական դպրոցներում»,- ասել է Սուսաննա Մկրտչյանը:

Կազմակերպության ղեկավարի խոսքերով, գալիք տարում «Վիքիմեդիա Հայաստանը» նախատեսում է վիքի-մշակույթը տարածել հանրապետության բոլոր ավագ դպրոցներում եւ բուհերում:

«Շատ կարեւորում ենք հայերենով մասնագիտական նյութերի զարգացումը հայկական համացանցում: Այդ նպատակով հունվարին ծրագրվում է կազմակերպել թեմատիկ խմբեր քիմիայից, ֆիզիկայից, մաթեմատիկայից, կենսաբանությունից, որոնց շնորհիվ հայերեն Վիքիպեդիայում կզարգանան այս ոլորտի հոդվածները»,- ասել է Սուսսաննա Մկչտրյանը:

Գիտական թեմաներով խմբերից բացի «Վիքիմեդիա Հայաստանը» համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել մի խումբ հայագետների հետ, որոնք ցանկանում են հարստացնել հանրագիտարանը հայագիտական նյութերով: 

Խոսելով կազմակերպության աջակիցների մասին` Սուսաննա Մկրտչյանը նշել է, որ կազմակերպության առաջին աջակիցներից են եղել բարերար Ռուբեն Վարդանյանը եւ “Քոմեդի Քլաբ Պրոդաքշն” ընկերության հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը:

Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է: Այն կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք: Գործնականում այն զարգանում է կամավոր խմբագրումներ անող ընթերցողների շնորհիվ: Վիքիպեդիան «ազատ» է կոչվում նաեւ այն պատճառով, քանի որ նրա բովանդակությունը հասանելի է ազատ արտոնագրով: