18:29 | 12.12.13 | Նորություններ | 3825

Մեկնարկել է Web Ծիրան համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ հայտարարել են «Web Ծիրան» համահայկական 3-րդ  օնլայն կինոփառատոնի մեկնարկի մասին:
                                        
Կինոփառատոնին կարող են ներկայացվել առանց ժանրային սահմանափակումների (խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ այլն), մինչեւ 30 րոպե տեւողությամբ ֆիլմեր:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է մինչեւ 2014թ. հունվարի 25-ը DVD կրիչով ֆիլմերը ներկայացնեն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ (Երեւան 0001, Մոսկովյան 3, հեռ. +374 10 52 10 42):

Փառատոնն ավարտվելու է  2014թ. փետրվարի 23-ին:

Փառատոնը սահմանել է գլխավոր 1 եւ խրախուսական 2 մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգեւատրվի 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով եւ հատուկ դիպլոմով, իսկ խրախուսական մրցանակակիրները` հատուկ դիպլոմով:

«WebԾիրան» համահայկական 3-րդ կինոփառատոնն այս տարի ներկայացնելու է նաեւ «Web Ծիրան Մուլտիմեդիա» ծրագիրը, որին կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարտֆոններով նկարահանված կարճ ֆիլմեր:

Այս ֆիլմերը կամ դրանց հղումները որեւէ վիդեոհոստինգային պորտալում հեղինակները կարող են ուղարկել info@webtv.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով ֆիլմի անվանումը, հեղինակի մասին համառոտ տվյալներ, գործող բջջային հեռախոսահամար եւ գրավոր հավաստում, որ ֆիլմն ուղարկված է հեղինակի կողմից: