18:08 | 04.12.13 | Նորություններ | 1076

Վաղը Երեւանում կմեկնարկի վենչուրային կոնֆերանսը

Դեկտեմբերի 5-ին եւ 6-ին, ժամը 9.30-ից 17:00-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ դահլիճում կկայանա Գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսը:

Կոնֆերանսը կմեկնարկի «Ներդրումների ներգրավում հայաստանյան եւ արտասահմանյան աղբյուրներից տեխնոլոգիական ընկերությունների գործունեության վաղ շրջանի համար» քննարկմամբ, որին կմասնակցեն
Google եւ PicsArt ընկերությունների, Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն
կենտրոնի ներկայացուցիչերը:

Կոնֆերանսի ընթացքում հայ-ամերիկյան գնահատող հանձնաժողովի առջեւ կներկայացվեն 25 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայ հետազոտողների, նորարար թիմերի եւ սկսնակ ընկերությունների կողմից «Գաղափարից դեպի
շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ տեղեկատվական, բարձր եւ բիո-տեխնոլոգիաների ոլորտներում:

Դեկտեմբերի 6-ին, ժամը 18:00-ին տեղի կունենա մրցանակաբաշխության արարողությունը, որտեղ եւ կհայտարարվեն մրցույթի հաղթողները:

Վենչուրային ֆորումը կազմակերպվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ: