14:03 | 03.12.13 | Նորություններ | 2683

Լորենս Ռայթ. «Հայաստանյան ստարտափների հավակնություններն ու գաղափարները տպավորիչ են»

Մոսկովյան Սկոլկովո կառավարման դպրոցի Ստարտափ ակադեմիայի տնօրեն Լորենս Ռայթը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է, որ «հայաստանյան ստարտափների հավակնություններն ու գաղափարները տպավորիչ են»:

Լորենս Ռայթը նախորդ շաբաթ Երեւանում անցկացված ArmNet-2013 համաժողովի հատուկ հյուրն էր:

«Ստարտափների հեղինակների պատրաստվածության մակարդակը Հայաստանում բավականին բարձր է, եւ գաղափարները նույնպես շատ լավն են: Նրանք պատրաստ են աշխատել եւ անել այն, ինչ անհրաժեշտ է: Կարծում եմ, դա բնորոշ է ընդհանուր առմամբ հայաստանյան մշակույթին: Հավակնություններն ու լավ գաղափարները տպավորիչ են: Իհարկե, անհրաժեշտ են ավելի սերտ շփումներ Արեւմուտքի, ներդրողների հետ, բայց այն, ինչ կա, արդեն իսկ լավ քայլ է ճիշտ ուղղությամբ»,- ասել է Լորենս Ռայթը:

Խոսելով հետագա քայլերի մասին, որոնք գաղափարների հեղինակներին կօգնեն ձեռնամուխ լինել դրանց գործնական իրականացմանը` Լորենս Ռայթը նշել է, որ «անհրաժեշտ է էկոհամակարգ, որը կօժանդակի ստարտափներին, կօգնի խորհուրդներով, կաջակցի գրագետ բիզնես-մոդելներ կազմելու գործում»:

«Իսրայելը նույնպես փոքր պետություն է եւ չունի բնական ռեսուրսներ: Այնուամենայնիվ, նա կարողացել է շատ արդյունավետորեն զարգացնել ու ստեղծել «ստարտափ-ազգ»: Այսօր Իսրայելը հանդիսանում է աշխարհի ամենահրապուրիչ վայրը ստարտափներում ներդրումների համար` ամերիկյան Սիլիկոնե հովտից հետո: Չեմ տեսնում որեւէ պատճառ, որպեսզի Հայաստանը չկարողանա կառուցել ճիշտ քաղաքականություն այդ ուղղությամբ` ստեղծելով բարենպաստ եւ բաց միջավայր ստարտափների համար»,- ասել է Մոսկովյան Սկոլկովո կառավարման դպրոցի Ստարտափ ակադեմիայի տնօրենը:

«Հայաստանի մյուս կարեւոր առավելությունն այն է, որ դուք ունեք մեծ սփյուռք: Բնական ռեսուրսների բացակայությունը եւս մեծ առավելություն է, քանի որ, որքան էլ պարադոքսալ հնչի, դա նպաստում է ձեռնարկատիրական, նորարարական տնտեսության զարգացմանը»,- նկատել է Լորենս Ռայթը: