15:05 | 22.11.13 | Նորություններ | 1491

Հայ մասնագետների PicsArt մոբայլ հավելվածն ամսական շուրջ 25 մլն օգտատեր ունի

90 միլիոն ներբեռնում գրանցած, Android-ի համար Թոփ 50, իսկ IOS-ի համար` Թոփ 200 անվճար հավելվածների շարքում գտնվող PicsArt հավելվածը ստեղծվել եւ զարգանում է հայ մասնագետների կողմից:

Այսօր Երևանում մեկնարկած AppCON համաժողովի ընթացքում PicsArt-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը ներկայացրել է PicsArt-ի հաջողության պատմությունը:

Իրենից զարգացած ֆոտոխմբագրիչ եւ արվեստասերների ցանց ներկայացնող PicsArt-ի միջոցով  յուրաքանչյուր օգտատեր կարող է բացահայտել արվեստի հնարավորությունները: Այն կարծես Photoshop-ի եւ Instagram-ի խառնուրդ լինի: 

“PicsArt-ի թիմը բաղկացած է 60 հոգուց: Նրանցից 40-ը ինժեներներ են, մյուսներն աշխատում են շուրջօրյա մոդերացման վրա, որպեսզի անթույլատրելի բովանդակությամբ ոչ մի ծրագիր չհայտնվի համակարգում”,- նշել է հավելվածի գլխավոր օպերացիոն տնօրենը:

Մեհրաբյանի խոսքերով, օգտատերերն ակտիվորեն մասնակցում են PicsArt-ի ձևավորման ու զարգացման աշխատանքներին: Այս պահին ավելի քան 1 միլիոն գրախոսություններ կան: PicsArt-ում արդեն 20 միլիոնից ավելի նկարներ են բեռնված:  Facebook-ում PicsArt-ի պաշտոնական էջն ունի ավելի քան 1 միլիոն “լայք”, ակտիվ օգտատերերի թիվն էլ ամսական հասնում է 25 միլիոնի:

Խոսելով օգտատերերի աշխարհագրության մասին՝ Մեհրաբյանը տեղեկացրել է, որ նրանց մեծ մասը բնակվում է ԱՄՆ-ում: Բայց այս պատկերը մի փոքր փոխվել է այն բանից հետո, երբ հավելվածը թարգմանվել է 14 լեզուներով. այդ պահից սկսած ակտիվ օգտատերերի Թոփ տասնյակում են հայտնվել նաեւ Ինդոնեզիան, Հնդկաստանը եւ Մեքսիկան: Ըստ Մեհրաբյանի, հայ օգտատերերի թիվը PicsArt-ում փոքր է: