13:45 | 21.11.13 | Նորություններ | 3738
Այսօր Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» կենտրոնում բացվել է «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» կոնֆերանսը:
«Նման համախմբումն անհրաժեշտ է առկա մտավոր ներուժն օգտագործելու, Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու գործում: Այս հարցում մեզ կօգնի հատկապես ռոբոտաշինության զարգացումը, որն էլ կհանդիսանա մեր երկրի մրցունակության ամրապնդման հեռանկարներից մեկը»,- ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Կրթական ծրագրերին նոր որակ հաղորդելու մեր ձգտումը կարեւոր առաքելություն ունի: Այն ռոբոտաշինությամբ հետաքրքրված սովորողների շրջանում կմեծացնի բացահայտելու եւ նորը ստեղծելու ձգտումը: Այս ամենին հասնելու համար, հարկավոր է ապահովել զարգացած ինժեներական մտքով սերունդների հերթափոխ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել է «Նաիրի» կոնսորցիումի կողմից մշակված` ՏՏ ուսուցման ժամանակակից մեթոդաբանության վրա հիմնված լաբորատորիայի դպրոցական հայեցակարգը, ամփոփվել է կրթական անիմացիաների եւ խաղերի ստեղծման մրցույթը:
Միջոցառման ընթացքում, «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակներում, խմբակավարներին տրամադրվել են ռոբոտ կոնստրուկտորային կոմպլեկտներ:
Ծրագրի իրականացման նպատակով միայն 2013թ-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 30 միլիոն դրամ: