15:56 | 18.11.13 | Նորություններ | 2861

Orange Հիմնադրամը կրթաթոշակներ տրամադրեց 34 ուսանողների

Հայաստանի մարզային համալսարանների հետ համագործակցության շրջանակներում Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Կապանի մասնաճյուղի, Գորիսի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի 34 ուսանողների:

«Ուրախ ենք այսօր նշել, որ մարզային համալսարանների հետ մեր 3-ամյա համագործակցությունը շարունակվում է, իսկ այդ համագործակցության մի բաղկացուցիչն էլ օգնությունն է այն ուսանողներին, ովքեր դժվարանում են լուծել բարձրագույն կրթության ֆինանսական դժվարությունները: Կարծում ենք, որ Հայաստանը ոչ միայն Երեւանն է, այլ բոլոր մարզերը` մեծ ու փոքր բնակավայրերով»,- ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: 

Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա՝ ուսանողի առաջադիմություն եւ ընտանիքի սոցիալական վիճակ: Նույն սկզբունքով նախատեսվում է այս տարվա ընթացքում տրամադրել կրթաթոշակներ ընդհանուր թվով 9 համալսարաններում:

Հայաստանի հարավային շրջաններ կատարած այցի շրջանակներում Ֆրանսիս Ժելիբտերը նաեւ հանդիպում ունեցավ Եղեգնաձորի համալսարանի ուսանողների հետ: Նա հանդես եկավ դասախոսությամբ, իր աշխատանքային փորձով կիսվեց ապագա տնտեսագետների եւ ֆինանսիստների հետ եւ, ներկայացրեց այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվում է Orange-ը:

Բուհերի հետ համագործակցության շրջանակներում ուսանողները կարող են մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ ընկերության աշխատակիցները մասնագիտական եւ վերապատրաստման դասընթացներ են իրականացնում ուսանողների համար: Բացի այդ, Գորիսի համալսարանում ստեղծվել է անվճար Orange Wi-Fi ինտերնետ անկյուն:

2011թ. Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 67, իսկ 2012թ.՝ 95 ուսանողների: