12:51 | 04.11.13 | Նորություններ | 4332

Օրանժ Արմենիան նշում է իր գործունեության 4-ամյակը

Հոկտեմբերի 5-ին կլրանա Orange-ի հայաստանյան գործունեության 4-ամյակը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ընկերության ղեկավարությունն այսօր ամփոփել է ձեռքբերումներն ու ներկայացրել նոր առաջարկներ:

«Արդեն 4 տարի է, ինչ Օրանժը Հայաստանում է, եւ այսօր ունի 620 հազար բաժանորդներ: Չորս տարին շատ մեծ ժամանակահատված չէ, սակայն, երբ հետ եմ նայում, տենում եմ, որ շատ բան ենք հասցրել անել այս ընթացքում: Մասնավորապես, վերջին տարվա ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձրել ինովացիոն ծառայություններին, ցանցի որակի բարելավմանն եւ հաճախորդների նկատմամբ հոգատարության վրա»,-ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Նա նշել է, որ տարվա ընթացքում ընկերությունն ընդլայնել է ցանցի աշխարհագրությունը նաեւ գյուղերում, որոնք մինչ այդ ծածկույթով ապահովված չեն եղել:

«Օրանժը շարունակել է նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերը: Օրանժ հիմնադրամի աջակցությամբ մեկ տարվա ընթացքում 18 480 մարդ ստացել է անվճար ակնային հետազոտություն, իսկ 1200 մարդ` ակնային վիրահատություն, իսկ պետական հաստատությունների խնամքին հանձնված 17 երեխաներ ընտանիք են վերադարձել», - ասել է Ֆրանսիս Ժելիբտերը:

Ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ տարին նշանակալից էր նա ֆինանսական առումով: «Ընկերությունը գրանցել է եկամուտների 17 %-ոց աճ, ինչը գրեթե 3 անգամ գերազանցում է շուկայի աճի միջին ցուցանիշը»,-ասել է նա: