14:36 | 08.10.13 | Նորություններ | 771

SHIFT::Tech-ը կշնորհի $25.000 բջջային հավելված ստեղծելու համար

Իր հիմնադրման միամյակի կապակցությամբ, ONEArmenia հիմնադրամը սկսում է SHIFT::Tech նախագիծը՝ հրավիրելով բոլոր ցանկացողներին, անկախ գտնվելու վայրից, ներկայացնել իրենց բջջային հավելվածների գաղափարները եւ մրցել՝ $25,000  ստանալու համար:

Լավագույն հինգ դիմումների հեղինակները կհրավիրվեն մասնագիտական ստուգատեսի: Հաղթողը կմիանա Երեւանում Social Objects բջջային հեռախոսների ծրագրերի զարգացման նորաբաց ընկերությանը: Ծրագիրը կունենա բարձրագույն որակավորման մասնագետների թիմ, բացի այդ, $25,000 ոչ կանխիկ դրամաշնորհի մի մասը կծախսվի մարկետինգի եւ հավելվածը շուկա դուրս բերելու համար: Հաղթող հավելվածի հնարավոր շահույթի մի մասը կտրամադրվի ONEArmenia-ի համայնքային նախագծերին:

«SHIFT:: Tech-ը բավարար օգնություն է առաջարկում նորաստեղծ թիմին, որպեսզի այն ամբողջովին կենտրոնանա եւ իրականացնի իր հավելվածը՝ ստեղծելով գործող, արդյունավետ արտադրանք համաշխարհային շուկայի համար»,- ասել է LionSharp Solutions ստեղծարար տեխնոլոգիաների ընկերության հիմնադիր Նիգել Շարպը:

«Տեխնոլոգիայի հնարավորությունների մասին իրազեկվածությունը Հայաստանում կզարգացնի եւ, հուսանք, կոգեւորի ավելի մեծ թվով մարդկանց՝ նայելու ծրագրավորման եւ բջջային հեռախոսների զարգացման հնարավորությունների ուղղությամբ», - նշել է նա:

Մրցույթի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ՝ www.onearmenia.org/shift:

Մրցույթի դիմումներն ընդունվում են մինչեւ 2013-ի նոյեմբերի 10-ը: