13:31 | 03.10.13 | Նորություններ | 2386

Մեկնարկել է ֆինանսական ոլորտում ՏՏ կիրառմանը նվիրված համաժողովը

Այսօր Երեւանում մեկնարկել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ֆինանսական ոլորտում` մարտահրավերներ եւ լուծումներ» թեմայով համաժողովը՝ կազմակերպված ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի կողմից:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Քերեն Հիլլիարդը բացման խոսքում կարեւորել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտությունը Հայաստանում, նշելով, որ այն կխթանի ֆինանսական եւ տնտեսության այլ հատվածները, «քանի այսօր ոչ մի ոլորտ չի աշխատում առանց  տեղեկատվական տեխնոլոգիաների»:

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Սամվել Ճզմաչյանի փոխանցմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը խթանում է միջբանկային շփումը, բարձրացնում է ընկերությունների մրցունակությունը, տալիս է նոր ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ անգամ հեռավոր շրջաններում:

ՀԲՄ-ի  նախագահը հատկապես ընդգծել է ՏՏ զարգացման կարեւորությունը ԿԲ-ի համար, ինչն օգնում է կառավարել ռիսկերը եւ հեշտացնում է վերահսկողությունը ֆինանսական համակարգի նկատմամբ:

Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանն իր հերթին նշել է, որ ԿԲ-ն, որպես կարգավորող մարմին, եւս մեծ կախվածություն ունի տեղեկատվական տեխնոլոգիաներից: 

Հանդիպմանը մասնակից առեւտրային բանկերի եւ այլ ընկերությունների  ներկայացուցիչներ ներկայացնել են իրենց բիզնես-կառույցների ծրագրային համակարգերի վիճակը, ՏՏ-լուծումների կարիքները եւ բարելավման միտումները: