12:03 | 18.09.13 | Նորություններ | 3462
Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Orange Հիմնադրամի կողմից Շիրակի մարզում իրականացվող անվճար ակնային զննումների եւ բուժումների ծրագիրը:
Աշխատանքները կազմված են երկու փուլից՝ ակնային զննումներ եւ բուժում: Առաջին փուլում ՀԱՆ-ի բժիշկ մասնագետները կզննեն բոլոր ցանկացողներին իրենց բնակավայրում: Երկրորդ փուլն անց է կացվում տվյալ բնակավայրի մարզկենտրոնում կայանած Աչքի շարժական հիվանդանոցում, որտեղ կրկնակի խորացված ակնային հետազոտություն եւ լազերային միջամտություն կարող են անցնել նախօրոք ստուգում անցած եւ ուղեգրված մարդիկ: Սոցիալապես անապահով բնակիչները, անհրաժեշտության դեպքում, կստանան անվճար վիրահատություն: Վերջիններիս համար դուրս կգրվեն նաեւ անվճար ակնոցներ:
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀԱՆ-ի բժշկական խմբերը կայցելեն Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանները: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Մարալիկում, Արթիկում եւ Ախուրյանում:
Մեծահասակների հետ միասին ակնային զննումներ կանցնեն նաեւ մարզի 9 դպրոցների երեխաներ, ովքեր կմասնակցեն ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացների:
Այսօր Շիրակի մարզի Իսահակյան գյուղում Օրանժ Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի ներկայացուցիչները ներկա են եղել իրականացվող ակնային ստուգումներին:
«Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին արդեն սկսում ենք 10-րդ մարզի այցը, մինչ այդ՝ հուլիս եւ օգոստոս ամիսներին ՀԱՆ-ի բժշկական խմբերը աշխատանքներ էին կատարում Լոռու մարզում, որտեղ շուրջ 4000 մարդ օգտվել է անվճար ակնաբուժական ծառայություններից: Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին իրականացրած մեր աշխատանքի շնորհիվ տասնյակ հազարավոր մարդկանց ենք կարողացել օգնել: Տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ ունեն հաղորդակցության դժվարություններ, իսկ մեր ընկերության` որպես հեռահաղորդակցության օպերատորի կոչումն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջեւ: Ուրախ ենք, որ «Լույս հայի աչքերին» ակնաբուժական ծրագիրի շնորհիվ մենք կարող ենք իրական փոփոխություն բերել շատ մարդկանց ու ընտանիքների կյանքում»,- ասել է Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:
«Շիրակի մարզում նախատեսում ենք հետազոտել շուրջ 3,000 մեծահասակների եւ 1,200 երեխաների: Կանխատեսում ենք իրականացնել շուրջ 300 վիրահատություն եւ տրամադրել 1,200 ակնոց», - տեղեկացրել է ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ մանրամասների համար Շիրակի բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն եւ հետեւեն այնտեղ փակցված հայտարարություններին: Տեղեկություններ կարելի է ստանալ նաեւ ՀԱՆ-ի գրասենյակից՝ զանգահարելով 010 55 90 68: Շիրակի մարզ այցելության ժամանակացույցը կարելի է ներբեռնել այստեղից՝ http://goo.gl/ekkIvA: