11:25 | 02.09.13 | Նորություններ | 1030
Այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցում են նաեւ Հայաստանն ու Արցախը ։ Մրցույթի հայաստանյան կազմակերպիչն է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ն, գլխավոր աջակիցն է «Յուքոմ» ընկերությունը։
«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթը երկու անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես երկրագնդի ամենախոշոր լուսանկարչական մրցույթը։ Նախորդ տարի մրցույթին ներկայացված լուսանկարների թիվը գերազանցել է 350 000-ը։ Սպասվում է, որ այս տարի թիվն ավելի կաճի։
Մրցույթին կարող են մասնակցել բոլորը` պրոֆեսիոնալ եւ սիրող լուսանկարիչներ։ Մրցույթի պայմաններին եւ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.wikilovesmonuments.am կայքում։
Մրցույթի մասնակիցները սեպտեմբեր ամսվա ընթացքում պետք է լուսանկարներ բեռնեն Վիքիպահեստ՝ Վիքիմեդիա նախագծերի պատկերների եւ տեսաձայնային նյութերի շտեմարան (http://commons.wikimedia.org/)։ Վիքիպահեստի շուրջ 18 միլիոն մեդիաֆայլերը ազատ արտոնագրով են, այսինքն՝ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի դրանք ազատորեն օգտագործել, տարածել եւ ձեւափոխել թե՛ Վիքիպեդիայում, թե՛ ցանկացած այլ տեղ, այդ թվում համացանցից դուրս, օրինակ` դասագրքերում, տպագիր հանրագիտարաններում, գրքերում, ֆիլմերում, ԶԼՄ-ներում, համակարգչային ծրագրերում եւ այլն։
Աշխարհում միլիոնավոր հուշարձաններ կան, սակայն դրանց միայն փոքր մասի լուսանկարներն են հասանելի ազատ արտոնագրով։ Մրցույթի կազմակերպիչների եւ մասնակիցների ցանկությունն այդ բացը լրացնելն է։
Հայաստանում միջոցառման կազմակերպիչներից Ալեքսեյ Չալաբյանի գնահատմամբ, այս պահին Հայաստանի հուշարձանների հազիվ 1%-ի լուսանկարները կարելի է գտնել Վիքիպահեստում, ընդ որում` միջակ որակի։
Մրցույթի նախապատրաստման ընթացքում Հայերեն Վիքիպեդիայում են տեղադրվել Հայաստանում եւ Արցախում «պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի» կարգավիճակ ունեցող շուրջ 25 000 հուշարձանի ցանկերը։ Մրցույթի մասնակիցներն այդ ցուցակների օգնությամբ կարող են իմանալ, թե ի՞նչ հուշարձաններ կան իրենց շրջապատում, գտնել դրանք եւ լուսանկարել։
Միջոցառման կազմակերպիչներից Վաչագան Ղռաթյանը գտնում է, որ մրցույթը «հետաքրքիր է, արկածային եւ օգտակար»։
«Վերցնում ես ֆոտոխցիկ կամ պարզապես բջջային հեռախոս, ճանապարհ ես ընկնում, լուսանկարում բացահայտածդ հուշարձանները եւ բեռնում Վիքիպահեստ։ Քո շնորհիվ հիմա ամբողջ աշխարհը կարող է ճանաչել այդ հուշարձանը», - ասել է նա:
Հուշարձանները «թվայնացնելու» եւ ազատ բովանդակություն ստեղծելու շնորհիվ միջոցառումը մեծ կարեւորություն ունի Հայաստանը եւ հայկական մշակույթն ողջ աշխարհին ներկայացնելու գործում։
Մասնակիցներին աջակցելու եւ խրախուսելու համար սեպտեմբեր ամսվա ընթացքում «ֆոտոզբոսանքներ» են նախատեսվում Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում եւ Շուշիում։
Մրցույթի տեղական հաղթողներին որոշելու է պրոֆեսիոնալ ժյուրին։ Լավագույն լուսանկարները կմասնակցեն ցուցահանդեսին։ Բացի այդ, առաջին տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ։ Կլինեն նաեւ հատուկ մրցանակներ։
Լավագույն 10 լուսանկարները կանցնեն միջազգային փուլ։ Միջազգային ժյուրին կընտրի բոլոր երկրների լավագույն 10 լուսանկարները։ Այստեղ եւս կլինեն մրցանակներ եւ ցուցահանդեսներ։
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական-հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2013 թվականին։ Այն նպատակ ունի աջակցել եւ խթանել Վիքիմեդիա նախագծերի զարգացումը Հայաստանում։