14:23 | 16.08.13 | Նորություններ | 3404

Շուրջ 4000 մարդ Լոռիում օգտվել է Orange-ի կողմից հովանավորվող ակնաբուժական ծառայություններից

Հուլիս եւ օգոստոս ամիսներին Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Orange Հիմնադրամի կողմից Լոռու մարզում իրականացվող անվճար ակնային զննումների եւ բուժումների ծրագրի արդյունքում, արդեն ակնային հետազոտություն է անցել շուրջ 4,000 մեծահասակ:

Դուրս է գրվել 1,900 ակնոց, լազերային բուժում եւ վիրահատություն ստացած մարդկանց թիվը մինչեւ  աշխատանքների ավարտը կհասնի շուրջ 400-ի, հայտնել են Orange-ում:

«Լույս հայի աչքերին» լայնածավալ մարզային ծրագրի շրջանակներում նախ բժիշկ մասնագետները զննում են բոլոր ցանկացողներին, որից հետո այն սոցիալապես անապահով բնակիչները, ում մոտ հայտնաբերվում են վիրահատական միջամտություն պահանջող խնդիրներ, ուղեգրվում են աչքի շարժական հիվանդանոց անվճար բուժումը ստանալու համար, կամ անհրաժեշտության դեպքում ստանում են ակնոց:

«Լոռու մարզում աշխատանքները մեկնարկել են հուլիսի սկզբին, եւ բժշկական խմբերն արդեն հասցրել են անվճար ակնաբուժական օգնություն ցուցաբերալ շատ ավելի մեծ թվով մարդկանց, քան սպասվում էր: Աշխատանքները դեռ կշարունակվեն մոտակա շաբաթների ընթացքում, հատկապես Սպիտակի տարածաշրջանում: Իհարկե, մենք շատ ուրախ ենք, որ կարողացել ենք օգտակար լինել սպասվածից ավելի շատ մարդկանց, միեւնույն ժամանակ սա ցույց է տալիս, թե որքան անհրաժեշտ են այս ծառայությունները մարզերի բնակիչներին: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Երեւանից ժամանած եւ տեղի ակնաբույժներին իրենց համբերատար ու հոգատար աշխատանքի համար», - նշել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Ավարտելով աշխատանքները Լոռիում՝ ՀԱՆ-ը կսկսի իր առաքելությունը Շիրակի մարզում: Մեծահասակների հետ միասին ակնային զննումներ կանցնեն նաեւ մարզի ինը դպրոցների երեխաներ, ովքեր նաեւ կմասնակցեն ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացների: Մեր բժշկական խմբերը կայցելեն Անիի,  Արթիկի եւ  Ախուրյանի տարածաշրջանները: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Մարալիկում, Արթիկում եւ Ախուրյանում», - ասել է ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Մանրամասների համար Շիրակի բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն եւ հետեւեն այնտեղ փակցված հայտարարություններին: Տեղեկություններ կարելի է ստանալ նաեւ ՀԱՆ-ի գրասենյակից՝ զանգահարելով 010 55 90 68: Շիրակի մարզ այցելության ժամանակացույցը կարելի է ներբեռնել այստեղից: