15:02 | 15.08.13 | Նորություններ | 3270
Արդեն չորրորդ տարին անընդմեջ Երեւանում եւ Հայաստանի մարզերում բնակվող աուտիզմով երեխաներն իրենց խնամակալների հետ ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում: Այս հնարավորությունը հաղորդակցման խանգարումներ ունեցող այս երեխաներին ընձեռվել է Orange Հիմնադրամի եւ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի համագործակցության շնորհիվ:
Ծրագրի շրջանակներում ԱրԲեՍ Ցերեկային բուժման կենտրոնի եւ վերջինիս մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ գտնվող 7-ից 14 տարեկան 16 աուտիզմ երեխաների համար կազմակերպվում է 2-շաբաթյա հանգիստ առողջարանային ճամբարում, որտեղ բուժմանը զուգընթաց երեխաները վայելում են բազմաթիվ խաղերով, միջոցառումներով եւ հետաքրքիր առօրյայով լեցուն ամառային հանգիստ: Ճամբարն առավելագույնս նպաստում է երեխաների շփմանն իրենց հասակակիցների հետ:
«Աուտիզմով երեխաների մասին հոգածությունն Orange Հիմնադրամի մարդասիրական ծրագրերի առաջնահերթություններից է Հայաստանում, ինչպես աշխարհի այլ երկրներում: ԱրԲեՍ կենտրոնի հետ մեր համագործակցությունը մի քանի տարվա պատմություն ունի, եւ ամառային ճամբարն արդեն չորրոդ անգամ է Orange Հիմնադրամի աջակցությամբ ընդունում աուտիզմով երեխաների, որոնց համար այնքան կարեւոր է ունենալ շփում եւ ժամանց: Զուգահեռաբար շարունակելով աջակցել Հայաստանի մարզերի ներգրավմանը թվային աշխարհում, սոցիալապես անապահով անձանց առաջարկելով անվճար ակնաբուժական ծառայություններ՝ Orange Հիմնադրամը չի մոռանում այս չափազանց խոցելի երեխաների ու նրանց ընտանիքների մասին, ովքեր երբեմն մենակ են մնում իրենց խնդիրների հետ: Բժիշկները հաստատում են, որ այն երեխաները, ովքեր պարբերաբար լինում են ճամբարում, նկատելիորեն զարգացրել են իրենց հաղորդակցման հմտությունները: Մենք իսկապես երջանիկ ենք օգնել նրանց »,- ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Ամառային առողջարանային ճամբարը Orange Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի մի մասն է միայն, իսկ ամբողջ ծրագիրը շատ ավելի ընդարձակ է եւ ներառում է մի քանի նախագիծ, որոնց թվում են դասընթացներ բուժսպասարկման առաջնային օղակի մասնագետների, ուսուցիչների, աշակերտների, աուտիզմով երեխաների ծնողների համար, որոնց նպատակն է իրազեկել աուտիզմի մասին, ինչպես նաեւ ներդնել աուտիզմի վաղ ախտորոշման ժամանակակից մեթոդներ՝ CHAT եւ ADOS թեստերը:
Վերականգնողական մասնագիտական կենտրոնների սակավության եւ ծանրաբեռնվածության պատճառով ծրագրի շրջանակներում Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 9 մանկական պոլիկլինիկան կահավորվեց եւ հագեցվեց վերականգնողական պարագաներով, իսկ պոլիկլինիկայի ողջ անձնակազմը համապատասխան դասընթացներ անցավ ԱրԲեՍ Առողջության կենտրոնի մասնագետների կողմից: Սա թույլ կտա պոլիկլինիկային, որն առաջին կոնտակտն է բնակչության հետ, աուտիզմով եւ զարգացման խանգարումներով երեխաներին ավելի վաղ հայտնաբերել եւ հնարավորություն տալ վաղ միջամտություն:
Ծրագիրը ներառում է նաեւ մի կարեւոր գործառույթ, որը պիլոտային եղանակով կներդրվի Հայաստանում՝ աուտիզմով երեխաների մասնագիտական կրթությունը: Սեպտեմբեր ամսից աուտիզմով երիտասարդ տղան իր մասնագիտական ուսումնառությունը կստանա ֆրանս-հայկական ուսումնական մասնագիտական կենտրոնում:
Ինչպես նշել է “Արաբկիր” Միացյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, “Արաբկիր” Բժշկական համալիրի գիտական ղեկավար Պրոֆ. Արա Բաբլոյանը. «Արդեն մի քանի տարի է ինչ մենք ականատես ենք լինում այս հրաշքին: Աուտիզմով երեխաները կարող են իրենց ամառային հանգիստը վայելել՝ լինելով միաժամանակ եւ՛ ծնողի հետ, եւ՛ առանց նրա: Հագեցած առօրյայով, համապատասխան մասնագետներով եւ ընկերներով շրջապատված երեխաները հեշտությամբ են ընտելանում ճամբարային կյանքին՝ հեշտացնելով նրանց սոցիալիզացիան: Ավելին ասեմ, մի քանի տարի ճամբար հաճախելուց հետո, այս տարի աուտիզմով 18 տարեկան երիտասարդը ճամբար եկավ որպես կամավոր եւ աշխատեց: Սա թերեւս ամենամեծ ձեռքբերումն է: »
2013թ. ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը հատկացրել է ընդհանուր առմամբ 16,290,000 դրամ, որն ուղղվել է ինչպես դասընթացների եւ գույքի, այնպես էլ ամառային ճամբարի կազմակերպմանը, մասնագիտական կրթության ներդրմանն ու կազմակերպմանը: